ԼՂՀ-ում տուն կառուցելու համար 18-40 տարեկան ամուսինները մինչև 3.000.000 դրամ պետաջակցություն կստանան

ԼՂՀ-ում տուն կառուցելու համար 18-40 տարեկան ամուսինները մինչև 3.000.000 դրամ պետաջակցություն կստանան

PanARMENIAN.Net - ԼՂՀ-ում բնակելի տուն կառուցելու համար մինչև 3.000.000 ՀՀ դրամ անհատույց պետական ֆինանսական աջակցություն կստանան նաև 18-40 տարեկան ամուսիններից կազմված այն ընտանիքները, որոնցում ամուսիններից մեկն է գյուղական կամ քաղաքային բնակավայրում վերջին հինգ տարիների ընթացքում մշտապես բնակվել:

Այս մասին որոշումն ընդունվել է Արցախի Հանրապետության կառավարությանդեկտեմբերի 2-ի նիստում՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ այս ծրագիրը շատ արդյունավետ է, և տարեցտարի ընդլայնվում է դրանից օգտվողների շրջանակը: «Տարիքային սահմանափակմանը զուգահեռ, հետագայում վերանայվելու է նաև տրամադրվող գումարի չափը, և գյուղական բնակավայրում տուն կառուցողները ավելի մեծ աջակցություն են ստանալու: Սրանով փոքր-ինչ հավասարություն կապահովվի գյուղաբնակների և քաղաքաբնակների միջև՝ բնակարանային խնդրի վերացման նպատակով պետական աջակցություն ստանալու տեսանկյունից»,- նշել է Հարությունյանը:

Բացի այս որոշումից, կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է մտցրել հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների կազմակերպման կարգում՝ ռեժիմներն առավել հստակեցնելու նպատակով:

Գործադիր մարմնի որոշմամբ՝ «Հանրապետական անասնաբուժական և սննդամթերքի փորձաքննությունների լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման լիազորությունները կվերապահվեն գյուղատնտեսության նախարարությանը: Սրանով ավելի արդյունավետ կիրականացվի կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաև նախադրյալներ կստեղծվեն անասնաբուժության բնագավառում միասնական քաղաքականության օպտիմալ իրականացման համար:

Նիստում հաստատվել է ձվի և ձվամթերքի տեխնիկական կանոնակարգը, ինչի համաձայն՝ սահմանվել են ձվի տեսակների և ձվամթերքի անվտանգությանը, դրանց արտադրությանը, մակնշմանը, փաթեթավորմանը, պահմանը, փոխադրմանը, իրացմանը և օգտահանմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելման նպատակով նույնականացման և համապատասխանության հավաստման ընթացակարգերը:

Կառավարության հավանությանն է արժանացել նաև հանրապետությունից Եվրոպական միության տարածք արտահանվող՝ կենդանական ծագում ունեցող մթերքում անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային առավելագույն քանակները սահմանելու, մնացորդային նյութերի նկատմամբ հսկողության իրականացման համար անհրաժեշտ նմուշառման կարգը, որն ուղղված է իրացվող սննդամթերքի անվտանգության մակարդակի բարձրացմանը և արտահանման խթանմանը:

Կառավարության կողմից հավանության արժանացած նախագծով առաջարկվում է «Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով սահմանված կենսաթոշակների չափերը հաշվարկելիս աշխատանքային և մասնագիտական ստաժում ներառվող ժամանակահատվածները հաշվառել մինչև 2018 թվականի հունվարի 1-ը՝ 2017թ. Հունվարի 1-ի փոխարեն: Առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է հանրապետությունում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման ժամկետների երկարաձգմամբ:

Նիստում ուժը կորցրած է ճանաչվել սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին որոշումը: Ծրագիրը 2016 թվականին պետք է փորձնական իրականացվեր Ասկերանի շրջանում, սակայն ցանկացողների բացակայության պատճառով ծրագիրը կյանքի չկոչվեց: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ներկայացմամբ՝ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ կառավարության կողմից գյուղատնտեսության բնագավառում իրականացվում են պետական աջակցության բազմաթիվ այլ ծրագրեր, որոնց իրագործման համար նախատեսված մեխանիզմները ավելի պարզ և մատչելի են:

Կարիքավորության գնահատման համակարգը ներդնելու ժամկետի երկարաձգման անհրաժեշտությունից ելնելով՝ կառավարությունը փոփոխության է ենթարկել նախկին որոշումը, քանի որ կան որոշակի խնդիրներ՝ կապված քաղաքացիների վարձատրության, շարժական և անշարժ գույքի տվյալների, քաղաքացիական կացության ակտերի, տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման մասին տեղեկություններ պարունակող համապատասխան տեղեկատվական բազաներից օգտվելու հնարավորության հետ: Տեղեկատվական բազաները հիմնականում բացակայում են կամ թերի են կամ էլ հնարավոր չէ ստանալ առցանց տվյալներ, լիարժեք հնարավոր է օգտվել միայն եկամտային հարկի անձնավորված տեղեկատվական բազայից:

Կառավարության նախկին որոշումներում կատարված փոփոխություններով սահմանվել է, որ ԼՂՀ անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող 2-րդ և 3-րդ խմբի հաշմանդամներին, ԼՂՀ պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների զավակներին, փախստականներին և բազմազավակ, միածնող ընտանիքներին հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ, բնակելի տներ գնելու կամ բնակելի տներ կառուցելու և (կամ) վերանորոգելու նպատակով պետական ֆինանսական աջակցություն տրամադրման ընթացքում հիփոթեքային վարկի տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորման համար նախատեսված վարկի տոկոսադրույքը չգերազանցի ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը՝ ներկայիս գործող վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոխարեն:

Կառավարության որոշմամբ սահմանվել է տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդությունների ցանկը: Այն, նախորդ ցանկի համեմատությամբ, ավելի ընդլայնված է և իր մեջ ներառել է նաև ժամանակավոր անշարժունակության հիվանդության դեպքեր:

Նիստում փոփոխություններ և լրացումներ են կատարվել նաև կառավարության նախկին՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին մի շարք որոշումներում: Կառավարության համապատասխան որոշումներով սահմանվել են բուսական աշխարհի մոնիթորինգի կազմակերպման և իրականացման, կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման, բնության հատուկ պահպանվող տարածքների պետական կադաստրի վարման և բուսական աշխարհի պետական կադաստրի վարման կարգերը:

 Ուշագրավ
Նրանք քննարկել են նաև իրավիճակը ռուս-ուկրաինական սահմանին
Պուտինը նաև առանձին հանդիպումներ կունենա Ալիևի և Փաշինյանի հետ
Նա հավելել է, որ Ադրբեջանը պետք է ճանաչի և հարգի Հայաստանի ինքնիշխանությունը
«Անկասկած, ինչ-որ փուլում նման շփումներն անհրաժեշտ կլինեն»,-ասել է նա
---