28 հունիսի 2007 - 21:51 AMT
Սլովակիայի ԱԳՆ պետքարտուղարը Երեւանում Սլովակիայի Պատվավոր հյուպատոսարան է բացել
Երեւանում բացվել է Հայաստանում Սլովակիայի Պատվավոր հյուպատոսարանը: Բացման արարողությանը ներկա էր Սլովակիայի ԱԳՆ պետաքարտուղար ու արտգործնախարարի առաջին տեղակալ Օլգա Ալգաերովան, ՀՀ արտգործնախարար Արմեն Բայբուրթյանը, Հայաստանում Սլովակիայի դեսպան Ավգուստին Չիսարը (նստավայրը` Մոսկվա), Սլովակիայի Հանրապետության ԱԳՆ-ի ԱՊՀ բաժնի տնօրեն Շտեֆան Ռազկոպալը, այլ պաշտոնատար անձինք:

«Հյուպատոսարանի բացումը հանդիսանում է Հայաստանում Սլովակիայի Հանրապետության առաջին դիվանագիտական ներկայացուցչությունը: Այս քայլով մենք մտադիր ենք նոր մակարդակի բարձրացնել այն հարաբերությունները, որոնք պատմականորեն ձեւավորվել են մեր երկրների միջեւ, Հյուպատոսարանի բացումը նաեւ հնարավորություններ կտա ավելի սերտ կապեր հաստատել քաղաքական, մշակութային եւ տնտեսական բնագավառներում: Մենք մտադիր ենք օգտագործել երկկողմի հարաբերությունների ծավալի ընդլայնման եւ մեծացման հնարավորությունները, այդ թվում իրագործել մշակութային փոխանակումներ, բարելավել համագործակցությունը դպրոցների եւ բուհերի միջեւ, համատեղ ծրագրեր իրագործել լրագրողների համար»,- ընդգծել է Ալգաերովան: Սլովակիայի ԱԳՆ պետքարտուղարը նաեւ նշել է, որ ներկա դրությամբ Հայաստանի եւ Սլովակիայի ապրանքաշրջանառությունը շատ փոքր է` տարեկան $4,5 մլն: «Մենք հուսով ենք ընդլայնել մեր հարաբերությունները տնտեսությունում: Մեր գործարարները պատրաստ են Հայաստանի էներգետիկա ներդնել $150 հազար` փոքր ՀԷԿ-երի կառուցման համար»,- ասել է նա:

Իր հերթին, Հայաստանում Սլովակիայի Հանրապետության պատվո հյուպատոս Գագիկ Մարտիրոսյանը հիշեցրել է, որ Սլովակիայում այսօր 4000 հայ է ապրում, ինչպես նաեւ, որ 2004 թվականին Սլովակիան ճանաչել է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը: Նրա խոսքերով, հյուպատոսարանի բացումը կատալիզատոր կդառնա երկու երկրների բարեկամական հարաբերությունների համար բոլոր բնագավառներում: