Կարայան. Հավաքագրվել է 160 ներդրումային ծրագիր

Կարայան. Հավաքագրվել է 160 ներդրումային ծրագիր

PanARMENIAN.Net - Ներդումների ծավալը ՀՀ-ում շատ ցածր է, այսօր դրա ծավալը համախառն ներքին արդյունքի մեկ տոկոսի շրջանակներում է: Այդ մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, հայտնում է Aysor.am-ը:

«Մենք աշխատանք ենք տանում, որ այդ արդյունքը հասցնենք մինչև 5 տոկոսի: Բոլոր ներդրողների համար պետք է ապահովենք մեծ շուկաներ, այդ առումով կարևոր է ներդրողների պաշտպանության ինստիտուտի ներդրումը, օտարերկրյա ներդրողների համար մշակվել ու ներկայացվել է օտարերկրյա ներդումների մասին օրենքի նոր նախագիծը», - նշել է նա:

Նրա խոսքով ՝օրենքով կսահմանվեն, որ օտարերկրյա ներդրողները կստանան ոչ պակաս բարենպաստ վերաբերմունք, քան տեղական ներդրողները:

Սուրեն Կարայանը տեղեկացրել է, որ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ մարզեր կատարած այցերի արդյունքում հավաքագրել են բոլոր բիզնես գաղափարները, որոնք կարող են հիմք հանդիսանալ տեղական նշանակության ներդրումային ծրագրերի զարգացման համար:

«Արդեն իսկ հավաքագրվել է 160 ծրագիր, որոնցից մոտ 110-ը հենց մարզերից է՝ մոտ 240 միլիոն դոլար արժողությամբ», - ասել է Կարայանը:

Նախարարը շեշտել է, որ 2017 թվականի առաջին եռամսյակում կգործարկվի կամ իր գործունեությունը կընդլայնի 7 ընկերություն, որոնք մոտ 3 միլիարդ դրամ ներդրումների արդյունքում կստեղծեն 824 աշխատատեղ:

Գործադիրի դեկտեմբերի 22-ի նիստում ընդունվել է ռազմավարական ծրագրերի համար հիմնադրամ ստեղծելու որոշումը: Հիմնադրամի առջև դրվում են մի շարք կարևոր խնդիրներ, մասնավորապես` աջակցություն կառավարությանը ՀՀ կառավարության երկարաժամկետ տեսլականի մշակման հարցում, կարճաժամկետ ծրագրերի և ռազմավարական ծրագրերի հետ կապված այլ հարցերում:

Նախարարը հավելել է, որ ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությունը ՊՆ-ի հետ համատեղ քննարկումներ է իրականացրել: «Որոշակի պայմանավորվածություն ունենք, որ երբ Վերին Լարսը փակ կլինի եղանակային պայմանների պատճառով, օդային բեռնափոխադրումների համակարգ է մշակվել և այն տնտեսվարող սուբյեկտները, որ արագ փչացող ապրանքներ են արտահանում, կկարողանան շատ մատչելի գնով դրանք փոխադրել օդով», - ասել է Սուրեն Կարայանը, գրում է Aysor.am-ը:

Նրա խոսքով՝ լոգիստիկ ընկերությունների հետ, որոնք ԵՏՄ-ում ունեն առանձնացված կառույցներ, պայմանավորվածություն են ձեռք բերել, որ պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում մեծ ծավալներ չունեցող ապրանքները պետք է համախմբեն և այդ լոգիստիկայի միջոցով արտահանեն:

«Միաժամանակ աշխատանքներ ենք տանում ԵՄ արտահանումն ավելացնելու համար: ՀՀ հավատարմագրման ազգային մարմին ՊՈԱԿ-ը դարձել է ԵՄ հավատարմագրման մարմնի անդամ, նաև Իրանի հետ ենք բանակցում, որպեսզի ՀՀ-ում սերտիֆիկացումը ճանաչեն այնտեղ», - ընդգծել է նախարարը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ կառավարությունը քայլեր է ձեռնարկում նոր տրանսպորտային սխեմաներ մշակելու և Վերին Լարսի ճանապարհին այլընտրանքային տարբերակներ գտնելու ու տնտեսվարողներին առաջարկելու ուղղությամբ, որոնք թույլ կտան ինչպես ներկրումն, այնպես էլ արտահանումը կազմակերպել ավելի նպաստավոր պայմաններում և կանխատեսելի ժամանակահատվածում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---