ՊՆ ու կրթության նախարարներն այցելել են սկանդալի կիզակետում հայտնված «Փոքր Մհեր» կրթահամալիր

ՊՆ ու կրթության նախարարներն այցելել են սկանդալի կիզակետում հայտնված «Փոքր Մհեր» կրթահամալիր

PanARMENIAN.Net - Հունվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այցելել են «Փոքր Մհեր» կրթահամալիր, որտեղ հանդիպել են կրթահամալիրի սաների, նրանց ծնողների և ուսուցչական կազմի հետ:

Նախարարները հանգամանալից ներկայացրել են ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հետ «Փոքր Մհեր» կրթահամալիրի միավորման ծրագիրը, նշելով, որ գործընթացը նախաձեռնվել է ռազմական կրթության ոլորտում իրականացվող արմատական բարեփոխումների շրջանակում: Վիգեն Սարգսյանն ու Լևոն Մկրտչյանը փարատել են կրթահամալիրի սաների և նրանց ծնողների մտահոգությունները՝ կապված երկու կրթական հաստատությունների միավորման հնարավոր բարդությունների հետ, հավաստիացնելով, որ դրա արդյունքում կրթական պրոցեսը միայն շահելու է, ինչը դրական է անդրադառնալու ուսումնառության արդյունավետության, հետևաբար նաև՝ սաների գիտելիքների վրա:

Ընդգծելով, որ կրթահամալիրի սաներն ազատ են հետագա ուսուցման վայրի ընտրության հարցում, նախարարները նաև վստահեցրել են, որ միավորման գործընթացի շնորհիվ ակնկալվող արդյունքները տեսանելի կլինեն արդեն մոտ ապագայում:

2016 թվականի նոյեմբերի վերջին «Փոքր Մհերի» աշակերտները բողոքի ակցիա անցկացրին կրթահամալիրի տնօրինության դեմ: Նոյեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ «Փոքր Մհեր» կրթահամալիրի տնօրենը պարբերաբար սպառնալիքներ և անպարկեշտ արտահայտություններ էր հնչեցրել կրթահամալիրի սաների և սպաների հասցեին՝ վիրավորելով նրանց արժանապատվությունը: Նույն օրը Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ սկսվել էր հարցի քննարկման ընթացակարգ սեփական նախաձեռնությամբ:

Այցի ընթացքում բացահայտել են մտահոգիչ և անհետաձգելի միջամտություն պահանջող խնդիրներ: Կրթահամալիրի սաները առանձնազրույցների ընթացքում պնդել են իրենց նկատմամբ վատ վերաբերմունքը, որ հնչել է նաև հրապարակայնորեն: Բացահայտվել են նաև խնդիրներ, որոնք վերաբերում են կրթահամալիրի գործունեությունը կարգավորող ակտերին, ինչպես նաև այդ հաստատությունում սովորողների նկատմամբ ներգործության միջոցներին ու դրանց կիրառության պրակտիկային:

ՀՀ կառավարության դեկտեմբերի 15-ի կառավարության նիստում որոշում է կայացվել «Փոքր Մհերի» ու «Մոնթե մելքոնյան» վարժարանի միավորման վերաբերյալ:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---