ՀՀ-ում սողանքային աղետի կառավարման ծրագրի ընդլայնմանը մասնակցում են ճապոնացի մասնագետներ

ՀՀ-ում սողանքային աղետի կառավարման ծրագրի ընդլայնմանը մասնակցում են ճապոնացի մասնագետներ

PanARMENIAN.Net - Հունվարի 11-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Մուշեղ Ղազարյանն ընդունել է ճապոնացի փորձագետ Հիրո Օկուդային, ով, որպես անկախ փորձագետ, համագործակցելով Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA/ՃՄՀԳ) հետ, Հայաստան է ժամանել «ՀՀ-ում սողանքային աղետի կառավարում ծրագրի» վերջնական գնահատման նպատակով:

Ծրագիրը մեկնարկել է 2014 թ.-ին: Հանդիպման նպատակն էր քննարկել ծրագրի իրականացման ընթացքում կատարված աշխատանքներն ու դրանց արդյունքները:

Օկուդան նշել է, որ ընթացակարգի համաձայն՝ ՃՄՀԳ-ի յուրաքանչյուր ծրագրի վերջնական գնահատմանը մասնակցում է անկախ փորձագետ, ինչը նպատակ ունի բարձրացնել աշխատանքների արդյունավետությունը:

«Ես Հայաստան եմ ժամանել, որպեսզի անաչառ գնահատական տամ կատարված աշխատանքներին, ինչն ընդունված կարգ է ՃՄՀԳ-ում: Նշեմ, որ շատ տպավորված եմ նախնական արդյունքներից և կարծում եմ, որ անկախ փորձագետի գնահատականը, իսկապես, կարող է զգալիորեն նպաստել ծրագրի զարգացմանը», - ասել է Օկուդան:

ՓԾ տնօրենը հույս է հայտնել, որ երկու երկրի միջև համագործակցությունն ավելի կամրապնդվի, և վերոնշյալ ծրագրի արդյունավետությունը կլինի շատ բարձր:

«Ինչպես գիտեք, Հայաստանը գտնվում է սեյսմավտանգ գոտում, և յուրաքանչյուր օգնություն՝ մասնավորապես Ճապոնիայի նման բարեկամական երկրից, շատ գնատահելի է», - ասել է Ղազարյանը:

Ծրագրի շրջանակներում սողանքային լանջերի վրա ակտիվացումներ գրանցող խորքային և մակերևութային էլեկտրոնային տվիչների տեղադրման և չափումների արդյունքում ինժեներապաշտպանական միջոցառումներ իրականացնելու համար ընտրվել էին ՀՀ Շիրակի մարզի Առափի և Տավուշ մարզի Գետահովիտ համայնքները: Այս համայնքներում 2016 թ. իրականացվել են հորատման աշխատանքներ, որի միջոցով հեռացվում են գրունտային ջրերը, ինչը թույլ է տալիս զսպել սողանքային երևույթների հետագա զարգացումները:

Պիլոտային ծրագրով՝ որպես 3-րդ տեղամաս, ընտրվել է Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքը: Այստեղ տեղադրված սողանքի տեղաշարժը չափող 2 էլեկտրոնային, խորքային էքստենզոմետրներից բացի, Երևան-Գառնի ավտոճանապարհի այդ հատվածին հարող լանջի տարբեր տեղերում տեղադրվել են 4 մակերեսային պարզագույն չափիչ սարքեր:

Ծրագրի շրջանակում մշակվել է «Իրական ժամանակում սողանքի մոնիթորինգի համակարգ», որն իրենից ներկայացնում է սողանքների իրական ժամանակում ավտոմատացված մոնիթորինգի և հնարավոր աղետի մասին նախազգուշացման համակարգ:

ՃՄՀԳ փորձագետները Ողջաբերդի գյուղապետարանում տեղադրել են համակարգիչ՝ հատուկ ծրագրային ապահովմամբ, ինչը թույլ է տալիս թվային չափիչ սարքերի գրանցումներն իրական ժամանակում ստանալ գյուղապետարանում:

Ծրագրի շրջանակներում ստեղծված աշխատանքային խմբի անդամները մասնակցել են նաև սողանքային աղետի կառավարման դասընթացներին, որն անց է կացվել երեք փուլով Ճապոնիայում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---