Շաքիի ջրվեժը ցերեկը բնականոն կգործի, գիշերը ջուրը կուղղվի դեպի ՓՀԷԿ

Շաքիի ջրվեժը ցերեկը բնականոն կգործի, գիշերը   ջուրը կուղղվի դեպի ՓՀԷԿ

PanARMENIAN.Net - Շաքիի ջրվեժի օգտագործման թույլտվության այնպիսի ռեժիմ պետք է հաստատվի, որն օրվա ցերեկային ժամերին հնարավորություն կտա ջրահոսքն ամբողջությամբ ուղղել դեպի ջրվեժ, իսկ գիշերը՝ դեպի ՓՀԷԿ-ը: Այս մասին ասվել է ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի ունեցած Շաքիի ջրվեժի և «Շաքի ՓՀԷԿ»-ի խնդրի կարգավորման վերաբերյալ քննարկմանը:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ բնապահպանության և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներ, Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատարը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, «Շաքի ՓՀԷԿ»-ի համասեփականատեր Աղասի Հակոբջանյանը:

Ներկայացնելով ՀՀ բնապահպանության նախարարության վերահսկողական գործառույթի շրջանակներում իրականացված միջոցառումները` բնապահպանական պետական տեսչության պետ Հակոբ Գալստյանը ներկայացրել է «Հակոբջանյանի և Գալստյանի ՀԷԿ» ՍՊԸ-ում 2016-ի հոկտեմբերի 31-ին կատարված ստուգումների արդյունքները, համաձայն որոնց, բացահայտվել է, որ 2015-ի մայիսին ընկերությանը տրվել է ՋԹ 1500 լ/վրկ. ՓՀԷԿ-ի շահագործման համար և այս ջրաքանակի շահագործման դեպքում արդեն չի պահպանվում ջրվեժի համար անհրաժեշտ էկոլոգիական թողքը /200 լ/վրկ:

Ստուգմամբ հանձնարարվել է ընկերությանը դիմել ՀՀ բնապահպանության նախարարություն` վերանայելու իրեն տրված ջրօգտագործման թույլտվության պայմանները: «Շաքի ՓՀԷԿ»-ի համասեփականատեր Աղասի Հակոբջանյանը ներկայացրել է ընկերության կատարած աշխատանքը, ներդրումային ծրագրերը, որոնց երկրորդ փուլն ընթացքի մեջ է: «Պատրաստակամ եմ անվերապահորեն կատարել այն որոշումը, որն այսօր կկայացվի»,- նշել է Հակոբջանյանը:

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ որոշումը բալանսավորված պետք է լինի և´ բնապահպանական, և´ տնտեսական առումով և առաջարկել քննարկման թեմա դարձնել ջրօգտագործման թույլտվության այնպիսի ռեժիմը, որն օրվա ցերեկային ժամերին հնարավորություն կտա ջրահոսքն ամբողջությամբ ուղղել դեպի ջրվեժ, իսկ գիշերը՝ դեպի ՓՀԷԿ-ը: «Այնպիսի իրավիճակ է, որ եթե անգամ ՓՀԷԿ-ը պահպաներ էկոլոգիական թողքը, միևնույն է չէինք ունենա լիարժեք թողք, խոսքը՝ ջրվեժի առաջացման, ամբողջական բնապատկեր ունենալու և ջրվեժի ամբողջ ներուժն օգտագործելու մասին»,- նշել է նախարարը:

Առաջարկը հավանության է արժանացել նաև «Շաքի ՓՀԷԿ»-ի համասեփականատիրոջ կողմից: Մինասյանը հանձնարարել է սեղմ ժամկետում պատրաստել և հաստատել ՓՀԷԿ-ի ցերեկային և գիշերային ժամերի աշխատանքների կառավարման նախագիծը:

Անդրադարձ է եղել տարածքում զբոսաշրջության զարգացման տարբերակներին, ներդրումների խրախուսման և բիզնես ծրագրին աջակցության նպատակով արտոնությունների տրամադրման հնարավորություններին, այդ թվում, ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքից ազատում և ԱԱՀ հետաձգում: Նախարար Արծվիկ Մինասյանը վստահեցրել է, որ օժանդակություն կլինի ծրագրի լիարժեք իրականացման և այն կյանքի կոչելու համար:

Կարդացեք նաև՝ Շաքիի ջրվեժի տնօրենը տուգանվել է 200.000 դրամով

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---