Լավրով. ԼՂ «գրավյալ տարածքները» կվերադարձվեն Բաքվին միայն Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելու պահին (վիդեո)

Լավրով. ԼՂ «գրավյալ տարածքները» կվերադարձվեն Բաքվին միայն Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելու պահին

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ն ղարաբաղյան հակամարտության գոտում 1994 թվականին կնքված հրադադարից ի վեր պահանջում է ազատել ԼՂ «գրավյալ տարածքները», սակայն բացառապես առանց ուժի կիրառման և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելու պահին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2016-ի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ընդհանուր առմամբ խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին` Լավրովն ասել է, որ այն աբստրակտ ինչ-որ հակամարտություն չէ, ոչ էլ «բացառապես Ադրբեջանի ներքին գործը»: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ լուծումների մի ամբողջ հավաքածու գոյություն ունի, առաջին հերթին ՄԱԿ ԱԽ հակամարտության ամենաթեժ ժամանակ ընդունվածները, որով պահանջվում էր դադարեցնել կրակը»,-հիշեցրել է Լավրովը:

Նա նշել է, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման և դիտորդների քանակի ավելացման վերաբերյալ պայմանավորվածությունները մինչ օրս իրողություն չեն դարձել ԵԱՀԿ ներսում փոխհամաձայնության բացակայության պատճառով:

Լավրովը հիշեցրել է, որ 2016-ի ապրիլին հակամարտության սրացումից հետո, հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ մեղադրանքները, պայմանավորվածություն է ձեռք բերվել ղարաբաղյան հակամարտության գոտում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման և շփման գծում դիտորդների քանակի ավելացման վերաբերյալ: «Ցավոք, նույնիսկ այդպիսի տարրական բանը, որն անհրաժեշտ է սրացումները կանխելու համար, չի կարող կյանքի կոչվել, քանի որ բացակայում է փոխհամաձայնությունը ԵԱՀԿ-ում»,-ասել է Լավրովը: Նա հավելել է, որ փոխհամաձայնության բացակայության պատճառների մասին «կարելի է հետաքրքվել այդ կազմակերպության ներկայացուցիչների մոտ»:

Լավրովը ասել է նաև, որ ամեն ինչ ամրագրված է Մինսկի խմբի բազմաթիվ որոշումներում, ինչպես նաև հայտարարություններում ու փաստաթղթերում, որոնք ընդունել և ստորագրել են ՀՀ և Ադրբեջանի նախագահները: «Վեճերի խաղաղ կարգավորումը այնտեղ ամրագրված է շատ որոշակիորեն»,-ասել է Լավրովը:

Նա նշել է, որ մեծ մտահոգություն են առաջացնում 2016-ի ապրիլի արյունալի դեպքերը: Լավրովը հիշեցրել է, որ «Ռուսաստանը վճռորոշ դերակատարություն է ունեցել այդ պահին արյոււնահեղությունը դադարեցնելու գործում»:

Երևանն ու Բաքուն բանակցում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Մադրիդյան սկզբունքների հիման վրա: Սկզբունքներն, ի թիվս այլ կետերի, ենթադրում են փախստականների վերադարձ, ԼՂՀ անվտանգության գոտու հանձնում՝ բացառությամբ ՀՀ հետ ցամաքային կապի համար ստեղծվելիք միջանցքի, խաղաղապահների տեղակայում ու ԼՂՀ կարգավիճակի հարցով հանրաքվե:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---