Սպիտակ տունը ետ է կանչել Հայաստանում դեսպանի պաշտոնի համար առաջադրված Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 3-ին Սպիտակ տունը ետ է կանչել Հայաստանում դեսպանի պաշտոնի համար առաջադրված Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը, որը ժխտում է Հայոց ցեղասպանությունը, հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA): «Մենք բավարարված ենք նրանով, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը վերջապես ընդունեց այն, ինչ մեկ տարուց ավելի է պնդում էին Ամերիկայի հայ համայնքը եւ ANCA-ն, այն է` Դիք Հոգլանդն իր խոսքերով վարկաբեկեց իրեն որպես ամերիկյան արժեքների եւ ԱՄՆ շահերի, ինչպես նաեւ Հայաստանում ԱՄՆ-ի շահերի կողմնակից: Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել սենատոր Ռոբերտ Մենենդեսին իր սկզբունքային դիրքորոշման համար, որի համաձայն Հայոց ցեղասպանությունն ուրացող մարդը չպետք է ներկայացնի ԱՄՆ-ի շահերը Հայաստանում»,-նշել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:



«Դա իրոք լավ նորություն է: Պարզ էր, որ Հոգլանդի թեկնածությունը Հայաստանում դեսպանի պաշտոնի համար վիճահարույց էր: Ես հուսով եմ, որ մեր հաջորդ թեկնածուն ըմբռնումով կմոտենա այս խնդրին: Նա կնպաստի լավ հարաբերություններին Հայաստանում մեր բարեկամների հետ»,-հայտարարել է սենատոր Ռոբերտ Մենենդեսը: Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի հեղինակ, կոնգրեսական Ադամ Շիֆի խոսքերով, նախագահն իրավացի է Հոգլանդին ետ կանչելու հարցում: «ԱՄՆ Կոնգրեսում լսումների ժամանակ Հոգլանդը շարունակում էր ժխտել, որ մեկ եւ կես միլիոն հայերի կոտորածը 1915 եւ 1953 թվականներին Ցեղասպանություն է եղել, այդպիսով, բորբոքելով հայերի վերքերը, հատկապես այն սակավաթիվ հայերի, որոնք վերապրել են 20 դարի առաջին ցեղասպանությունը: Ես հուսով եմ, որ նախագահը շուտով նոր դեսպան կնշանակի, որն առավել պատրաստ կլինի Հայոց ցեղասպանության քննարկմանը»,-ասել է Ադամ Շիֆը:



Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հարցերով հանձնաժողովն երկու անգամ արգելափակել էր Ռ.Հոգլանդի թեկնածությունը Երեւանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար: Երկու անգամ վետոյի իր իրավունքից օգտվեց Նյու Ջերսիից ընտրված սենատոր Ռոբերտ Մենենդեսը, որը հայտարարեց, թե Հայոց ցեղասպանությունը ժխտող մարդը չի կարող պաշտպանել ԱՄՆ-ի շահերը Հայաստանում: Հանձնաժողովում լսումների ժամանակ Հոգլանգը հայտարարեց, թե ճանաչում է 1915 թվականի իրադարձությունները, սակայն չի համարում, որ դա ցեղասպանություն էր: Ավելի վաղ Հայաստանի կառավարությունն արդեն տվել էր իր համաձայնությունը Ռ.Հոգլանդի թեկնածությանը:



Երեւանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսն ետ կանչվեց 2006 թվականի սեպտեմբերին Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հրապարակային հայտարարության համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---