Արմավիրում ոսկերչական զարդերի գործարան է բացվել. Արտադրանքը կարտահանվի ԱՄՆ, Եվրոպա, ՌԴ և Թուրքիա28 հունվարի 2017 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Արմավիրի մարզ: Վարչապետի մասնակցությամբ Մուսալեռ համայնքում տեղի է ունեցել ոսկերչական զարդերի արտադրության նոր գործարանի հիմնարկեքի արարողությունը: Այն կառուցում է «Բագեզյան» ընկերությունը, որն այժմ գործունեություն է ծավալում նաև «Մերիդիան» ազատ տնտեսական գոտում և նոր գործարանի կառուցմամբ նախատեսում է ընդլայնել իր բիզնես գործունեությունը Հայաստանում: Ակնկալվում է, որ գործարանը կապահովի 500-600 նոր աշխատատեղ, իսկ առաջին մասնաշենքը պատրաստ կլինի տարեվերջին: Ոսկերչական իրերի արտադրանքը նախատեսվում է արտահանել ԱՄՆ, Եվրոպա, ՌԴ և Թուրքիա: Այնուհետև վարչապետն այցելել է Արմավիրի պահածոների նախկին գործարանի տարածք, ծանոթացել գործարանի վերագործարկման ծրագրերին: «Սարգիս-Կարոլինա» ընկերությունը նախատեսում է առաջիկայում գործարանում իրականացնել վերակառուցման աշխատանքներ և կազմակերպել մեծածավալ մթերումներ: Գործարանում նախատեսվում է նաև կազմակերպել մանկական կերերի արտադրություն: Ծրագրի ներդրումային ծավալն, ընդհանուր առմամբ, կկազմի 7-8 մլն ԱՄՆ դոլար: Վարչապետ Կարապետյանը ողջունել է վերը նշված ներդրումային ծրագրերի իրականացումը և նշել, որ կառավարությունն անհրաժեշտության դեպքում պատրաստ է տարբեր միջոցներով ցուցաբերել օժանադություն: Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ կառավարությունում ամփոփվել են հինգ մարզի այցերը, ստացված 44 ծրագրից 34-ին տրվել է ընթացք: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ նման աշխատանքները կրելու են պարբերական բնույթ: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ներկայացրել է մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը, իրականացվող ծրագրերն ու արձանագրված ձեռքբերումները, հիմնախնդիրները և հետագա անելիքները: Ղահրամանյանը նշել է, որ մարզի 97 համայնքից 87-ի զարգացման հնգամյա ծրագրերն արդեն իսկ հաստատվել են, այժմ ընթացքի մեջ են 2017-2025 թվականների մարզի զարգացման ռազմավարության մշակման աշխատանքները՝ հաշվի առնելով Արմավիրի ուժեղ և թույլ կողմերը, խնդիրներն ու հնարավորությունները: Մարզպետի տեղեկացմամբ, Արմավիրում ընթացքի մեջ են գրեթե 150 մլրդ դրամի ծրագրեր, ևս 50 մլրդ դրամի ծրագիր նախատեսվում է իրականցնել 2017-ին: Ընթացքի մեջ գտնվող ծրագրերն ուղղված են գյումթերքի վերամշակմանը, խտանյութերի արտադրությանը, ջրամակատարարման համակարգերի վերակառուցմանը, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը, աղբի վերամշակմանը, բամբակի, կարի արտադրությունների հիմնմանը, էներգետիկայի, ոսկեգործության, զբոսաշրջության և այլ ոլորտներին: Վարչապետը կարևորել է համայնքային բյուջեների շարունակական ավելացումը, այդ ուղղությամբ առկա հնարավորությունների գույքագրումը և նշել. «Մենք կանգնելու ենք այն մարդու կողքին, որն իր վրա բեռ է վերցնում: Յուրաքանչյուր համայնք, մարզ պետք է հասկանա, թե գալիք տարիներին ինչ է ցանկանում, դրա համար պետք է գույքագրենք մեր կարողությունները, իրական վերլուծություն կատարենք և համարձակ գնանք առաջ»: Մարզի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուն տեղեկացրել է, որ Արմավիրում 97 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածքներից մշակվում է 48 հազարը, ինչը 2015 թվականի համեմատ ավելի է 18 հազար հեկտարով: Կառավարության ղեկավարը հետաքրքրվել է՝ մարզում կա՞ն ժամանակակից ֆերմերային տնտեսություններ, որոնք կիրառում են կաթիլային ոռոգման համակարգ: «Իմ կարծիքով՝ մենք գյուղատնտեսությունում որոշակիորեն ոչ ճիշտ ուղղություն ենք ընտրել, տեսական հիմք ընդունելով այն, թե յուրաքանչյուր գյուղացի լավ գյուղատնտես է: Գյուղացի կա, որը լավ գյուղատնտես չէ, նա ուսում չի ստանում, չի փորձում հասկանալ նոր մեթոդները, իսկ մենք սուբսիդավորման ծավալներն ավելացնում ենք, սակայն որակ չենք փոխում: Այդ առումով, ձեր նպատակը պետք է լինի ուսումնական դասընթացների կազմակերպումը ագրարային համալսարանի միջոցով: Միշտ չէ, որ պապական ձևով հող մշակելու դեպքում այն լավ բերք է տալիս: Աշխարհը փոխվել է»,- ընդգծել է կառավարության ղեկավարը: Վարչապետը հետաքրքրվել է նաև, թե մեկ հեկտարի համար կաթիլային ոռոգման համակարգ ներդնելու դեպքում որքան ներդրում կպահանջվի և ավելացրել. «Լեռնային Ղարաբաղում մեկ հեկտարի վրա կաթիլային համակարգի ներդրումը արժենում է միջինը 1 մլն դրամ և հետվերադարձելիությունը գնահատվում է 3-4 տարի: Ջրի քանակից բողոքում ենք, Արարատի մարզում ջուրն ինտենսիվ օգտագործում ենք, հետո սկսում ջրամբար կառուցել, ինչի համար անհրաժեշտ է ֆանտաստիկ թիվ: Գյուղացուն պետք է բացատրել, գյուղացուն պետք է օգնել, որ անցնելով կաթիլային համակարգի՝ տարեկան նա այսքան գումար տնտեսելու է: Այդ իսկ պատճառով գյուղատնտեսության պատասխանատուն պետք է հստակ ծրագիր ունենա: Կառավարման մեջ մի պարզ ճշմարտություն կա, որը ձևակերպվում է այսպես. եթե դու գիտես ինչ ես ուզում ստանալ, ապա դու շանս ունես այն ստանալու»: Անդրադառնալով գյուղտեխնիկայի խնդրին՝ վարչապետը տեղեկացրել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը բանակցություններ է վարում մատակարարների հետ գյուղտեխնիկա ներկրելու նպատակով: Խոսելով առողջապահության ոլորտի մասին՝ Կարապետյանը հետաքրքրվել է՝ արդյոք պետական բյուջեի միջոցները բուժհիմնարկների միջև արդարացի են բաշխվում: «Մենք պետական միջոցները վերաբաշխում ենք այնպես, որ մեկը հայտնվում է արտոնյալ վիճակում և դրանից ելնելով իր կլինիկան չի ցանկանում զարգացնել, իսկ մյուսը՝ ոչ արտոնյալ վիճակում, արդյունքում՝ վերջինս լրացուցիչ գումար ներդնելու տրամաբանություն չի տեսնում ու ստվերը մեծանում է»,- ասել է վարչապետը՝ խնդրի լուծման գործում կարևորելով մասնավոր կառավարիչների ներգրավումը: Ներկայացնելով մարզում կրթության ոլորտի իրավիճակը՝ մարզպետարանի պատասխանատուն նշել է, որ ուսուցիչների թիվը գերազանցում է պահանջարկը, սակայն միևնույն է այդ պարագայում ևս տարբեր համայնքների ուսումնական հաստատություններում առկա է մասնագետների կարիք: «Մենք դպրոցներում ունենք ուղիղ երկու անգամ ավելի հաստատուն ծախս: Անհրաժեշտ է օպտիմալացման արդյունքում ծախսերը նվազեցնելով՝ ուսուցիչներին ավելի վճարելով՝ շահագրգռել՝ դասավանդել հարակից համայնքների դպրոցներում»,- ասել է Կարեն Կարապետյանը: Հանդիպման ընթացքում համայնքների ղեկավարներն ու մասնավոր հատվածի ներկայացուցիչները ներկայացրել են տարբեր ոլորտներում, այդ թվում՝ գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման, զբոսաշրջության, թեթև արդյունաբերության, փոքր և միջին բիզնեսի զարգացման ներդրումային ծրագրեր և առաջարկություններ, որոնք փաթեթների տեսքով առաջիկայում կքննարկվեն կառավարությունում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սիմոնյան․ Բագրատ սրբազանն օրենքով իրավունք չունի դառնալ վարչապետ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Փաստաբանները գործադուլ են անում՝ բողոքելով հարկերի բարձրացման դեմ Ըստ նրանց, փոփոխությունների ընդունման դեպքում ծառայությունների մոտ 38%-ով թանկացում կլինի ԱԺ–ում 1 րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հիշատակը Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն Կիրանցում չափագրական աշխատանքներ են տարվում Կիրանցում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապրհային դեպարտամենտի պետը |