Օլանդը Ցեղասպանության մասին. Ժխտել երեկվա սպանությունները կնշանակի թույլ տալ դրանց կրկնությունը վաղը

Օլանդը Ցեղասպանության մասին. Ժխտել երեկվա սպանությունները կնշանակի թույլ տալ դրանց կրկնությունը վաղը

PanARMENIAN.Net - Ժխտել երեկվա սպանությունները կնշանակի թույլ տալ դրանց կրկնությունը վաղը: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդի ամենամյա ընթրիքի ժամանակ` անդրադառնալով «Մի շարք հանցագործությունների քրեականացման մասին» օրինագծի չեղարկմանը սահմանադրական դատարանի կողմից:

Ըստ Օլանդի, հարկավոր է շարունակել քայլեր կատարել Ցեղասպանության ժխտման քրեականացման ուղղությամբ, քանի որ այս հարցում տևական պայքար է պահանջվում: Նա կարևորել է Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը` նշելով Բուդնեսթագի ղեկավար Նորբերտ Լամերտի և թուրքական ծագումով պատգամավոր Ջեմ Օզդեմիրի դերն այդ գործում, հայտնում է Nouvelles d’Armenie-ին:

Օլանդը հիշեցրել է, որ 2017-ին նշվում է նաև ՀՀ և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը:

«Ես հրավիրել եմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով Փարիզ, այցը տեղի կունենա մարտի 8-ին: Մենք հնարավորություն կունենանք քննարկելու հարաբերությունները տնտեսական և մշակութային ոլորտներում: Մենք կքննարկենք նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, քանի որ Ֆրանսիան հատուկ պատասխանատվություն ունի այս հարցում: Թեման շատ արդիական է, քանի որ պետք է շատ արագ այդ հակամարտության լուծումը գտնել»,-ասել է Օլանդը:

Ֆրանսիայի սահմանադրական դատարանը 2017-ի հունվարին չեղարկել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը:

Դատարանի որոշման մեջ մասնավորապես նշվել է, որ օրենքը սահմանափակում է քաղաքացիների խոսքի ազատությունը: Օրենքում Հայոց ցեղասպանության մասին որևէ ուղղակի հիշատակում չկար: Սակայն, ըստ օրենքի, մարդկության դեմ գործված հանցանքների հերքումը որակվում էր իբրև «ատելության հիման վրա կատարված հանցագործություն»: Օրենքի սահմաններում մեղավոր ճանաչված անձը կարող էր դատապարտվել 1 տարվա ազատազրկման և տուգանվել 40.000 եվրոյով:

Ֆրանսիայի ազգային ժողովի և սենատի կողմից քվեարկությամբ ընդունված այս օրենքը հարուցել էր Թուրքիայի և Ֆրանսիայի թուրքական կառույցների դժգոհությունը: Թուրքական կազմակերպությունները դիմել էին Ֆրանսիայի սահմանադրական դատարան՝ օրենքը չեղարկելու պահանջով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---