Գերմանացի ներդրողներին առավելապես հետաքրքրում են ՀՀ ՏՏ, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտները (վիդեո)

Գերմանացի ներդրողներին առավելապես հետաքրքրում են ՀՀ ՏՏ, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտները

PanARMENIAN.Net - Փետրվարի 15-ին Բեռլինում ԳԴՀ տնտեսության և էներգետիկայի նախարարության և ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության հովանու ներքո անցկացվել է Հայ-գերմանական տնտեսական համաժողով:

Համաժողովը կազմակերպել էր Գերմանիայում Հայաստանի դեսպանությունը Գերմանիայի տնտեսության արևելյան հանձնաժողովի, Գերմանիայի մանր և միջին ձեռնարկատերերի միության, Տեղեկատվական տեխնոլոգիաների Գերմանական «Բիթկոմ միության» և Գերմանիայի դաշնային առևտրաարդյունաբերական պալատի հետ համատեղ:

Ֆորումի ծրագրում ընդգրկված էր երեք հիմնական բաժին՝ ՏՏ, տրանսպորտ և ենթակառուցվածքներ, էներգետիկայի ոլորտներ:

Հենց այս ոլորտներն են գերմանացի փորձագետներն առավել հեռանկարային համարում գերմանացի պոտենցիալ ներդրողների համար: Germany Trade & Invest (GTAI) խորհրդատվական ընկերությունը մատնանշել է, օրինակ, երկարաժամկետ, մինչև 2036թ. համար հաշվարկված ՀՀ ռազմավարությունն էլեկտրաէներգիայի արտադրությունը կրկնապատկելու ուղղությամբ` այսօրվա 8 մլրդ կՎտ/ժ հասցնելով 16,5 մլրդ լՎտ/ժ, գրում է Deutsche Welle-ն:

Գերմանական ընկերությունները կարող են մասնակցել նաև Հյուսիս-Հարավ մայրուղու հերթական հատվածի կառուցման մրցույթին: Համաժողովում ՏՏ ոլորտում անակնկալ առաջարկով է հանդես եկել bitkom-ի (ԳԴՀ համակարգչային ընկերությունների միավորում) ներկայացուցիչը: Նա նշել է, որ այդ ընկերությունները որակյալ կադրերի սուր պակաս ունեն և շահագրգռված են ծրագրավորողների ներգրավել ցանկացած երկրից, այդ թվում հայ ծրագրավորողների, որոնց տաղանդի մասին բոլորն են լսել: Ընդ որում գերմաներենի իմացությունը բոլորովին պարտադիր չէ, հավելել է նա, աշխատանքային լեզուն այդ ոլորտում անգլերենն է:

Գերմանիայի տնտեսության արևելյան հանձնաժողովի կոմիտեն դրական է գնահատում ՀՀ զարգացումը վերջին տարիներին: Կոմիտեի նախագահ Վոլֆգանգ Բյուխելն ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ ՀԲ doing business վարկանիշում Հայաստանը ընդամենը 5 տարում առաջ է անցել 20 հորիզոնականով` զբաղեցնելով 38-րդ տեղը 100 հնարավորից:

Նա գոհունակություն է հայտնել նաև երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններից: Արտահանումը Գերմանիայից աճել է 2015-ի 18 տոկոսով, ներկրումը ՀՀ-ից` 30 տոկոսով: 2016-ին աննշան նվազում է գրանցվել, սակայն շատ ավելի քիչ, քան Արևելյան Եվրոպայի մյուս երկրների, մասնավորապես, ՌԴ դեպքում:

Անշուշտ, կան նաև խնդիրներ: GTAI փորձագետները որպես թերություն են նշում ՀՀ տնտեսության օլիգարխիկ կառույցները, որոշ մենաշնորհային ոլորտները, անկախ արդարատության բացակայությունը, մաքսային և հարկային կառույցների ոչ թափանցիկ աշխատանքը, ինչպես նաև կոռուպցիան: Պոտենցիալ ռիսկեր են նրանք տեսնում նաև հարևան Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ՀՀ հարաբերություններում:

Սակայն նույնիսկ այդ խնդիրների շուտափույթ հաղթահարումը թույլ չի տա Հայաստանին ընդգրկվել Գերմանիայի կարևորագույն առևտրային գործընկերների, ասենք, առաջին տասնյակում: Այժմ ՀՀ-ն 97-րդն է գերմանական ներկրման մեջ, իսկ 231 երկրից, որոնք ապրանքներ են գնում ԳԴՀ-ից, 113-րդը: Գերմանիայի գործարար շրջանակների բարձ հետաքրքրվածությունը փոքր Հայաստանով բացատրվում է ոչ թե նրա ներքին շուկայի հեռանկարայնությամբ, այլ ուրիշ պատճառներով:

Հայաստանը, ինչպես ԵՄ «Արևելյան գործընկերության» անդամ մյուս երկրները, պատրաստվում էր ասոցացման համաձայնագիր կնքել Եվրամիության հետ: Բայց ստորագրման գործը չհասավ, Ուկրաինայում հայտնի իրադարձություններից հետո Երևանում որոշեցին ռիսկի չդիմել` 2015-ի հունվարին Հայաստանը միացավ ԵՏՄ-ին, գրում է պարբերականը:

Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական հնարավորությունները, օրենսդրական, հարկային, մաքսային առանձնահատկությունները և կարևորել Հայաստանի կապող դերը ԵՏՄ-ԵՄ հարաբերություններում:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է ՀՀ-ում ընթացող խոշոր ենթակառուցվածքային ծրագրերը, ՏՏ ոլորտում Հայաստանի առաջընթացը և հեռանկարները:

Անդրադառնալով ԵՏՄ հնարավորություններին` նախարարն ասել է, որ ապրանքների մաքսազերծ ներմուծումն ու արտահանումը 3 մլն բնակչությամբ փոքր Հայաստանի համար 150 մլն սպառող ունեցող շուկա է բացում:

Տնտեսության և էներգետիկայի հարցերով Գերմանիայի դաշնային պետքարտուղար Մաթիաս Մախնիգը, ոջունելով հայկական կողմին, հույս է հայտնել, որ սույն համաժողովը կարևոր հարթակ կդառնա երկու երկրների գործարար շրջանակաների շփումների աշխուժացման և, ընդհանրապես հայ-գերմանական գործարար կապերի խորացման համար: Բանախոսը նշել է, որ ԳԴՀ պետական մարմինները պատրաստ են աջակցել գերմանացի գործարարներին Հայաստանում բիզնես ծավալելու հարցում, իսկ Գերմանիայի տնտեսության արևելյան հանձնաժողովի նախագահ Բյուխելեն իր խոսքում նշել է, որ Հայաստանը, հանդիսանալով ԵՏՄ անդամ, կարող է կամրջող դեր ստանձնել ԵՄ-ԵՏՄ անդամ երկրների միջև, քանզի դրա համար իրավապայմանագրային տեսանկյունից առկա են բոլոր պայմանները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---