ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը, բարեփոխումներն ու ԼՂ հիմնախնդիրը. Նախագահը հանդիպել է Յունկերին

ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը, բարեփոխումներն ու ԼՂ հիմնախնդիրը. Նախագահը հանդիպել է Յունկերին

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 28-ին հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ:

ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության միջոցների ու հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Հանրապետության նախագահը գոհունակությամբ է խոսել աշխատանքային այցի բրյուսելյան իր բավականին հագեցած ու արդյունավետ օրակարգի մասին, հույս հայտնելով, որ ԵԽ նախագահ Տուսկի, ԵԺԿ նախագահ Դոլի հետ անկեղծ մթնոլորտում տեղի ունեցած քննարկումները, ինչպես նաև ԵՄ բարձր ներկայացուցիչ Մոգերինիի, Եվրոպական խորհրդարանի նորընտիր նախագահ Տայանիի հետ կայանալիք հանդիպումներն անպայմանորեն իրենց ներդրումը կբերեն Հայաստանի և ԵՄ-ի միջև գործակցության խորացմանը:

Սերժ Սարգսյանը կարևորել է նախօրեին նախագահ Տուսկի հետ միասին ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ավելի քան մեկ տարի ընթացող բանակցային գործընթացի ավարտի մասին հայտարարելը: Նոր համաձայնագիրը, նախագահի համոզմամբ, ամուր իրավական հիմք կհանդիսանա առաջիկա տարիներին ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընդլայնման ու զարգացման համար, և դրանում արտացոլված երկուստեք հանձնառություններով կուղղորդվեն նաև Հայաստանի քաղաքական ու տնտեսական լայնածավալ բարեփոխումները, որոնք ընկած են երկկողմ հարաբերությունների հիմքում: Սարգսյանը հույս է հայտնել, որ ի լրումն ձեռք բերված պայմանավորվածությունների, առաջիկայում կողմերը աշխատանքներ կտանեն նաև ՀՀ-ԵՄ ներդրումների ներգրավման ուղղությամբ:

Միաժամանակ նախագահը հույս է հայտնել, որ ԵՄ աջակցությունը Հայաստանի բարեփոխումներին կլինի շարունակական: Սերժ Սարգսյանն անհերքելի փաստ է համարել այն, որ ԵՄ-ի հետ գործակցությունն արդեն իսկ մեծապես նպաստել է Հայաստանում տնտեսության, արդարադատության, պետական կառավարման ոլորտներում զգալի առաջընթացին, ժողովրդավարությանը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ինստիտուտի ամրապնդմանը:

Հանդիպմանը զրուցակիցները հանգամանորեն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին և դրանց հեռանկարին:

Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ հանդիպմանը ևս ՀՀ նախագահն ընդգծել է, որ Հայաստանը, լինելով ԵՏՄ անդամ երկիր, մեծ կարևորություն է տալիս ՀՀ-ԵՄ տնտեսական հարաբերությունների զարգացմանը` նպատակ ունենալով երկրում շարունակել և առաջ մղել բարեփոխումների օրակարգն ամենատարբեր ոլորտներում: Հանդիպման ընթացքում քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և վերջին շրջանի զարգացումները: Սերժ Սարգսյանը և Ժան-Կլոդ Յունկերն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին:

Հանրապետության նախագահը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շուրջ վերջին զարգացումներն ու մտահոգությունները: Նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում ԵՄ հավասարակշռված դիրքորոշումը, որը համահունչ է հակամարտության կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և ձևակերպումներին:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, այդ թվում` սիրիական ճգնաժամի շուրջ, անդրադարձել փախստականների հիմնախնդրին և բազմաթիվ երկրների հետ միասին Հայաստանի կողմից Սիրիայի բարեկամ ժողովրդին ու սիրիահայերին ցուցաբերվող մարդասիրական օգնությանը:

Ավելի վաղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Կարնեգի հիմնադրամի Բրյուսելի գրասենյակում հայտարարել է, որ եթե Ադրբեջանը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոյի փոփոխությամբ, ապա միայն մի տարբերակ կա փոխելու այն՝ դա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---