Նախագահը դատապարտել է Ադրբեջանի կողմից ԵԽ պատգամավորներին հետախուզում հայտարարելը

Նախագահը դատապարտել է Ադրբեջանի կողմից ԵԽ պատգամավորներին հետախուզում հայտարարելը

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 28-ի երեկոյան հանդիպել է Եվրոպական խորհրդարանի նորանշանակ նախագահ Անտոնիո Տայանիի հետ: Մինչև այդ Հանրապետության նախագահը հարցազրույց է տվել «Եվրանյուզ» հեռուստաընկերությանը:

Պատասխանելով լրագրողին հետաքրքրող հարցերին` նա անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին և զարգացման հեռանկարին, ՀՀ արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկը համարվող Հայաստան-Ռուսաստան ռազմավարական գործընկերությանը, ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանի տնտեսության զարգացման հնարավորություններին և այդ կառույցի ապագայի մասին իր պատկերացումներին, դեպի Եվրոպա Հայաստանի արտահանման ներուժին, ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությանը և իրականացվելիք առաջիկա ծրագրերին, ՀՀԿ ընտրական ցուցակում իր ընդգրկված չլինելու պատճառներին, Սահմանադրական փոփոխությունների արդյունքում կառավարման նոր համակարգի անցնելուց հետո Հայաստանի ապագային:

Անտոնիո Տայանիի հետ հանդիպմանը Նախագահ Սարգսյանը, օգտվելով առիթից, մեկ անգամ ևս շնորհավորել է նրան Եվրոպական խորհրդարանի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ պարոն Տայանիի պաշտոնավարման ընթացքում ԵՄ բարձրագույն օրենսդիր մարմինը կշարունակի իր ծանրակշիռ նպաստը բերել միջազգային այդ հեղինակավոր կառույցի հետագա վերելքին: Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ Անտոնիո Տայանին իր գործունեությամբ կնպաստի նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերընթաց զարգացմանը: Սերժ Սարգսյանը և Անտոնիո Տայանին երկուստեք ջերմությամբ են հիշել 2008 թվականին Բրյուսելում ունեցած իրենց հանդիպումը: Նախագահը բարձր է գնահատել պարոն Տայանիի աներկբա ու սկզբունքային դիրքորոշումը մարդու հիմնարար իրավունքներին վերաբերող հարցերում, որը դրսևորվեց նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Եվրոպական խորհրդարանի կողմից բանաձևի ընդունման ժամանակ։

Հանրապետության Նախագահը սիրով հրավիրել է Եվրոպական Խորհրդարանի նախագահին`այցելելու Հայաստան և մոտիկից ծանոթանալու մեր երկրում տեղի ունեցող զարգացումներին, ինչպես նաև հայկական հոգևոր-մշակութային հարուստ ժառանգությանը: Եվրոպական խորհրդարանի նախագահի այցը, նախագահ Սարգսյանի համոզմամբ, լավ ուղերձ կլինի՝ հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանն անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգի, որը շատ բնորոշ է եվրոպակա ժողովրդավարություններին:

Զրուցակիցներն անդրադարձել են միջխորհրդարանական համագործակցությանը` գոհունակությամբ արձանագրելով, որ Եվրոպական խորհրդարանի հետ ակտիվ հարաբերություններ են զարգանում: Հայաստանում իրականացված սահմանադրական բարեփոխումները և նոր ձևավորվելիք խորհրդարանը՝ նոր Սահմանադրությամբ ընդլայնված լիազորություններով, նախագահ Սերժ Սարգսյանի համոզմամբ, էլ ավելի ակտիվ կլինի ինչպես Եվրախորհրդարանի, այնպես էլ ԵՄ անդամ պետությունների հետ համագործակցության հարցերում:

Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ տեղի ունեցող բարեփոխումների գործում Սերժ Սարգսյանն անգնահատելի է համարել ԵՄ շարունակական աջակցությունը, ինչը, ըստ նրա, վստահաբար նոր թափ կստանա ՀՀ-ԵՄ հարաբերությունները կարգավորող շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել, որ Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչները, արձագանքելով հայկական կողմի հրավերին, մասնակցելու են սահմանադրական բարեփոխումներից հետո առաջին անգամ ապրիլին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելությանը:

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումները, առկա խնդիրներն ու մարտահրավերները, այդ համատեքստում անդրադարձել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Երկուստեք կարևորվել է ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում հիմնախնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Նախագահ Սարգսյանը Եվրոպական խորհրդարանի նախագահին ներկայացրել է արցախա-ադրբեջանական շփմնան գծում իրավիճակը և Ադրբեջանի ոչ կառուցողական և սադրիչ քայլերը: Հանրապետության նախագահը բարձր է գնահատել այն պատգամավորների ջանքերը, ովքեր անձամբ եղել են Արցախում և հստակ գիտեն, թե ինչ է իրականում ցանկանում Արցախի ժողովուրդը: Սերժ Սարգսյանը դատապարտելի է համարել և իր մտահոգությունը հայտնել Եվրոպական խորհրադարանի այդ պատգամավորներին Ադրբեջանի կողմից հետախուզում հայտարարերելու կապակցությամբ:

Փետրվարի 22-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածել այն մասին, թե Ադրբեջանի իշխանությունները միջազգային հետախուզում են հայտարարել Եվրամիության խորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելին (Լյուքսեմբուրգ), Էլենի Թեոխարոսին (Կիպրոս), Յարոմինա Շտետինը (Չեխիա) Արցախ այցելելու և սահմանադրական հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու համար: Ավելին, ըստ տարածված տեղեկությունների՝ ադրբեջանական դատարանը Եվրոպական խորհրդարանի անդամներին արդեն իսկ կալանավորելու որոշում է կայացրել և իբր թե նրանք հետախուզվում են Ինտերպոլի տվյալներով:

Ավելի վաղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Կարնեգի հիմնադրամի Բրյուսելի գրասենյակում հայտարարել է, որ եթե Ադրբեջանը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոյի փոփոխությամբ, ապա միայն մի տարբերակ կա փոխելու այն՝ դա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---