ՌԴ-ում ՀՀ դեսպան. Ադրբեջանն այսօր էլ փորձում է քողարկել Սումգայիթի մասին ճշմարտությունը

ՌԴ-ում ՀՀ դեսպան. Ադրբեջանն այսօր էլ փորձում է քողարկել Սումգայիթի մասին ճշմարտությունը

PanARMENIAN.Net - Փետրվարի 28-ին Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի տարածքում գտնվող հուշարձանի մոտ տեղի է ունեցել ծաղիկների տեղադրման արարողություն. ներկաները հարգել են 1988-ի փետրվարի 27-ից 29-ը Սումգայիթի ջարդերին զոհ դարձած անմեղ հայերի հիշատակը:

ՌԴ-ում ՀՀ դեսպանության լրատվական ծառայությունից հաղորդում են, որ միջոցառմանը մասնակցել են ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Մոսկվայում ԼՂՀ ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, ՌԴ-ում ՀՀ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներն ու Մոսկվայի հայ համայնքային կառույցների ղեկավարները:

Ներկաներին ուղղված իր խոսքում ՌԴ-ում ՀՀ դեսպանն անդրադարձել է Սումգայիթի դեպքերին՝ նշելով, որ 29 տարի առաջ տեղի ունեցած ողբերգալի իրադարձություններն առ այսօր չեն ստացել համապատասխան իրավական և քաղաքական գնահատական:

«Ադրբեջանն այսօր էլ փորձում է սեփական ժողովրդից խորը քողարկել Սումգայիթի մասին ճշմարտությունը: Այդ նպատակին են ծառայում նաև Աղդամի մոտակայքում 25 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները, որոնք ադրբեջանական կողմը ներկայացնում է ամբողջովին խեղաթյուրված և կոչում է «Խոջալուի»՝ կատարվածը հայերին վերագրելու և իրական վայրն ու այն իրականացնողներին քողարկելու նպատակով», – նշել է դեսպանը:

Օլեգ Եսայանի խոսքով՝ այսպես կոչված «Խոջալուի դեպքերն» Ադրբեջանն օգտագործում է քաղաքական և գաղափարաքարոզչական նպատակներով՝ փորձելով ստվերել Սումգայիթում, Բաքվում և Մարաղայում տեղի ունեցած հայ բնակչության ցեղասպանությունը:

Նույն օրը Մոսկվայի եկեղեցական համալիրի տարածքում գտնվող Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում տեղի է ունեցել նաև մոմավառություն:

1988 թվականի փետրվարին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից ընդամենը 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան հայերի զանգվածային սպանություններ և ջարդեր: Երեք օր շարունակ ջարդերն ուղեկցվեցին զանգվածային բռնությամբ, թալանով ու սպանություններով, ինչն էլ Ադրբեջանից դեպի Հայաստան ու Լեռնային Ղարաբաղ փախստականների առաջին հոսքի պատճառ դարձավ:

Կարդացեք նաև՝Արցախում հարգել են Սումգայիթի զոհերի հիշատակը

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---