ՀՀ նախագահ. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից ակնկալում ենք անկողմնակալ գնահատական ընտրական գործընթացների վերաբերյալ

ՀՀ նախագահ. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից ակնկալում ենք անկողմնակալ գնահատական ընտրական գործընթացների վերաբերյալ

PanARMENIAN.Net - Հայաստանը մեծ կարևորություն է տալիս դիտորդական առաքելությունների գործունեությանը երկրում ընտրությունների նախապատրաստման և անցկացման փուլում: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յան Պետերսենի հետ հանդիպմանը:

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելությունը Յան Պետերսենի գլխավորությամբ Հայաստան է ժամանել ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով:

Դիտորդական առաքելությունների ներկայացրած կառույցներն, ըստ նախագահի, ՀՀ-ում դիտարկվում են որպես երկարաժամկետ գործընկերներ ժողովրդավարության զարգացման և մասնավորապես՝ ընտրական համակարգն ու գործընթացները կատարելագործելու գործում: «Հենց այդ պատճառով է, որ մենք բարեխղճորեն և մանրամասն ուսումնասիրում ենք դիտորդական առաքելությունների դիտողությունները, գնահատականները և հետընտրական գործընթացներում մշտապես համագործակցելով համապատասխան կառույցների հետ, փորձում ենք իրականություն դարձել այն առաջարկությունները, որ ներկայացնում են դիտորդական առաքելությունները»,-ասել է նախագահ Սարգսյանը՝ այդ համատեքստում հիշատակելով լայն քաղաքական, հասարակական քննարկումների ու կոնսենսուսի արդյունքում, ինչպես նաև Վենետիկի հանձնաժողովի անմիջական օժանդակությամբ ՀՀ ընտրական օրենսգրքի ընդունման փաստը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Նախագահը հավաստիացրել է դիտորդական առաքելության ղեկավարներին, որ Հայաստանի իշխանությունները պատրաստակամ են միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու նպատակով համագործակցելու բոլոր դիտորդական առաքելությունների, այդ թվում՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ և նրանցից ակնկալում են անկողմնակալ և հավաստի գնահատական Հայաստանում տեղի ունեցող ընտրական գործընթացների մասին:

Յան Պետերսենը շնորհակալություն է հայտնել ընտրությունները դիտարկելու նպատակով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությանը հրավիրելու համար՝ նշելով, որ առաքելությունն արդեն 11-րդ անգամն է Հայաստանում ընտրություններ դիտարկում, և մշակած մեթոդաբանությունն ու փորձը միանգամայն համապատասխանում են Հայաստանում ընտրությունները պատշաճ դիտարկելու, եզրակացություններ կատարելու պահանջներին:

Դիտորդական առաքելության ղեկավարը գոհունակությամբ է խոսել Հայաստանում գտնվելուց ի վեր՝ անցած երկու շաբաթների ընթացքում իշխանությունների, քաղաքական կուսակցությունների և բոլոր մյուս գործընկերների հետ ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ առաքելության համագործակցության մասին և տեղեկացրել, որ առաքելության դիտորդներն արդեն գործուղվել ու տեղաբաշխվել են հանրապետության ամբողջ տարածքով մեկ և պատրաստ են իրականացնելու իրենց առաքելությունը:

ՀՀ խորհրդարանական ընտրություններին առաջադրվել է 4 կուսակցություն և 5 դաշինք՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» դաշինքը, ԵԼՔ դաշինքը, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Հայկական վերածնունդը», ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը, Կոմունիստական կուսակցությունը, «Ազատ դեմոկրատներ» և «Ազատություն» կուսակցությունների դաշինքը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---