ՀՀ գյուղհամայնքներին արևային ջրատաքացուցիչներ կտրամադրվեն. Մոտ 40 մլն դրամի ֆոնդ կստեղծվի

ՀՀ գյուղհամայնքներին  արևային ջրատաքացուցիչներ կտրամադրվեն. Մոտ 40 մլն դրամի ֆոնդ կստեղծվի

PanARMENIAN.Net - Կիրականացվեն քայլեր Հայաստանի գյուղական համայնքներին ջերմային էներգիայով ապահովելու համար։ Այդ նպատակով ՀՀ վարչապետի հանձնարարականի շրջանակներում առաջիկայում կմեկնարկի պիլոտային փորձնական ծրագիր՝ Արմավիրի մարզի Լեռնամերձ համայնքում։

Կառավարության որոշմամբ արդեն հաստատվել է համայնքին Արևային ջրատաքացուցիչներ տրամադրելու և բնակչությանը տաք ջրով ապահովելու աջակցության ծրագիրը։ Նախատեսվում է ստեղծել շրջանառու ֆոնդ՝ մոտ 40 մլն դրամի չափով։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի փոխացմամբ, ծրագրի գաղափարն այն է, որ յուրաքանչյուր ընտանիքի տրամադրվելու է արևային ջրատաքացուցիչների համակարգ, որը թույլ կտա ամբողջությամբ ապահովել կենցաղային տաք ջրի պահանջարկը։

Ելնելով այն իրողությունից, որ արևային ռեսուրսն անվճար է և ներդրումը ներառում է միայն սարքի արժեքը՝ առաջարկվել է ստեղծել շրջանառու ֆոնդ, որտեղ կկուտակվեն խնայողությունների արդյունքում հետվերադարձած գումարները։

«Խնայողությունները կգոյանան էլեկտրական էներգիայի և գազի սպառման կտրուկ նվազումից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչ այդ տաք ջրի ստացումը կազմակերպվում էր հոսանքով կամ գազով։ Համայնքը հետագայում շրջանառու ֆոնդում կուտակված միջոցները կուղղի այդ նույն ընտանիքներում նմանատիպ էներգաարդյունավետ այլ ծրագրերի իրականացմանը։ Օրինակ՝ կարող է տեղադրվել արևային ֆոտովոլտային տեղակայանք, կենսագազի արտադրություն, պասիվ ջերմատներ, բիովառելիք օգտագործող պիռոլիզային վառարաններ և այլն», - պարզաբանել է Հարությունյանը։

Ծրագրի իրականացումը թույլ կտա ոչ միայն ապահովել էներգիայի պահանջարկը, այլև կստեղծվեն նախապայմաններ՝ ունենալու առաջին արևային և կայուն զարգացող համայնք։ Նմանատիպ ծրագրեր նախատեսվում են առաջնահերթորեն իրականացնել հիմնականում չգազաֆիկացված համայնքներում։

Փետրվարի 27-ին հայտարարելվել է, որ Հայաստանում շուտով կարտադրվեն առաջին արևային վահանակները։ Այդ նպատակով կստեղծվի արտադրական ձեռնարկություն, որը եզակի կլինի մեր տարածաշրջանում։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---