Վարչապետ. ՊԵԿ-ը հունվար-փետրվարին 16 մլրդ դրամով ավելի հարկ է հավաքել

Վարչապետ. ՊԵԿ-ը հունվար-փետրվարին 16 մլրդ դրամով ավելի հարկ է հավաքել

PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեում մեկնարկել է տեխնիկապես հագեցած մոնիթորինգի կենտրոնի աշխատանքը, որի պաշտոնական բացմանը ներկա է եղել վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ 2017-ի հունվար-փետրվար ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՊԵԿ-ի հարկային հավաքագրումները եղել են 16 միլիարդ դրամով ավելի:

«Դա բավականին լուրջ թիվ է, ՊԵԿ-ի առջև ձևակերպել ենք հստակ հանձնարարական, ըստ որի՝ այն պլանային ցուցանիշները, որոնք դրված են, պետք է կատարվեն: Սակայն կան կանոններ, որոնք պետք է չխախտվեն, այսինքն, կանխավճարի դաշտ պետք է չմտնել, գործարարին արհեստականորեն պետք է չնեղացնել, արհեստական խնդիրներ չստեղծել, որպեսզի նա հարկեր վճարի: Այս առումով, այս համակարգը չափազանց կարևոր է:

Միաժամանակ, խոշոր գործարարների հետ խոսելիս կանխավճարի թեման մշտապես եղել է ակտուալ: 16 միլիարդով ավելի մուտքերի ուղղությամբ ցանկանում եմ ուշադրություն հրավիրել նաև բովանդակության վրա: Այն կառույցները, որոնք ունեցել են մեծ կանխավճարներ, ՊԵԿ-ն այսօր զբաղվում է դրանց մաշեցմամբ, այսինքն, ՊԵԿ բազայում կան բազմաթիվ մուտքեր, որոնք նախկինում կային, այժմ՝ ոչ: Բացի նրանից, որ 16 միլիարդի աճ է ապահովվել, որը կազմում է 10,9 տոկոս,նաև այս պահին ինձ հրապուրում է որակական աճը, որովհետև խոշոր ընկերություններն այսօր մաշեցնում են իրենց կանխավճարները, իրենց պարտավորության չափով այսօր չեն վճարում: Այդ առումով, գալու ենք նրան, որ այդ 10,9 տոկոսի աճը շատ ավելի մեծ է լինելու»,- ընդգծել է վարչապետը:

Էլեկտրոնային կառավարման հատուկ համակարգով զինված հարկային և մաքսային մարմինների մոնիթորինգի կենտրոնի նպատակն է որակապես բարելավել ու նոր մակարդակի բարձրացնել ՊԵԿ-ում իրականացվող վերլուծական և ռիսկերի բացահայտման գործընթացները, հայտնում է ՀՀ կառավարությունը:

Այստեղ էլեկտրոնային եղանակով իրականացվելու են ընդլայնված ու կենտրոնացված վերլուծություններ, մշտադիտարկման են ենթարկվելու իրացման շրջանառությունների հայտարարագրումը, վճարումների կատարումը և ապրանքների՝ ներմուծում-տեղափոխում-իրացում ամբողջ շղթան:

ՀՀ կառավարության՝ 2017թ. ծրագրով և գերակա խնդիրներով, ինչպես նաև հարկային եկամուտների վարչարարության բարելավման ծրագրով գործարկված մոնիթորինգի կենտրոնի աշխատանքն ուղղված է հարկ վճարողների գործունեության նկատմամբ իրականացվող տեսչական ընթացիկ հսկողու-թյունն էլեկտրոնային հսկողությամբ փոխարինելուն: Նախաձեռնության շրջանակում ՊԵԿ նախագահի հրամանով սահմանվել են հսկիչ-դրամարկղային մեքենաներով և հաշվարկային փաստաթղթերով կատարվող գործարքների մոնիթորինգի արդյունքներով ռիսկայնության գնահատման չափանիշները և հարկ վճարողների ծանուցման ընթացակարգը։

Լրագրողների հետ զրույցում վարչապետը կարևորել է կենտրոնի հիմնումը:

«Պետք է բացի արդար, հավասար պայմաններից՝ լինի նաև խելացի կառավարում, որպեսզի ՊԵԿ-ն ավելորդ տեղը չանհանգստացնի հարկատուին, գործարարին: Այս համակարգը թվայնացնում է կառավարման ամբողջ սուբյեկտը և այն հայտանիշները, որոնք կառավարիչները սահմանելու են, միանգամից բացահայտում են ռիսկային գործարքներն ու սուբյեկտները: Այդ իսկ պատճառով, ընտրություն անելիս, թե որտեղ ստուգում անկացնել, ելակետային տեղեկատվությունը, որն այստեղ կա, թույլ է տալու մեծ հավանականությամբ մուտք գործել այնտեղ, որտեղ տեսնում են ռիսկ: Ներդրվրած համակարգը ցույց է տալիս, որ օրինակ՝ գիշերը 1:30-ին ՀԴՄ-ով գործարք է կատարվել, ակնհայտ է չէ՞, որ կա ռիսկայնություն, կամ ՀԴՄ-ով կատարվել է շատ մեծ ծավալի գործարք:

Տվյալ դեպքերում ՊԵԿ-ն անմիջապես կարողանալու է ուսումնասիրել, հասկանալ, թե ինչ է վաճառվել, մեծածախ, թե մանրածախ գնում է կատարվել: Հետևաբար, ակնկալում ենք, որ ստուգումները կլինեն շատ ավելի հասցեական, էֆեկտիվ, գործարարի համար կլինի շատ ավելի քիչ քաշքշուկ»,- ասել է Կարապետյանը:

Նա շեշտել է, որ ՊԵԿ-ում իրականացվելու են ֆունդամենտալ բարեփոխումներ, որոնք մասամբ սկսվել են և նշված կենտրոնի բացումն առաջին քայլն է: Կարապետյանի խոսքով, մոտ ժամանակներս ՊԵԿ-ը կառավարությանն է ներկայացնելու ՊԵԿ-ի բարեփոխումների ողջ փաթեթը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---