Կարապետյան. Անտրամաբանական է, որ կարող ենք իջեցնել գազի գինն ու չենք անում դա

Կարապետյան. Անտրամաբանական է, որ կարող ենք իջեցնել գազի գինն ու չենք անում դա

PanARMENIAN.Net - Գազի և էլէկտրաէներգիայի գինն իջեցնելու խոսակցություններին պետք է վերաբերվել տրամաբանորեն: Այս մասին նախընտրական քարոզարշավի շրջանակում բնակչության հետ կայացած հանդիպմանն ասել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

Նա նշել է, որ Հայաստանի գազիֆիկացման մակարդակը 94-96 տոկոս է. «Եթե ճիշտն ասեմ, երկրորդ նման երկիր չգիտեմ, բայց չեմ ուզում ասել, որ մենք առաջինն ենք»։

Կարեն Կարապետյանը նշել է, որ իրենք ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարներին առաջարկել ու առաջարկում են, որպեսզի նրանք հանդիպեն համապատասխան ընկերությունների ղեկավարների հետ և խոսեն գազի գնի նվազեցման մասին. «Եթե որևէ մեկը, որևիցե քաղաքական ուժ կամ տնտեսագետ, գիտի ինչպես կարելի է այսօր գազի կամ հոսանքի կիլովատի գինը նվազեցնել, թող այդ գաղտնիքը չպահի, հանդիպի այդ ընկերությունների հետ, դա ցույց տա, ապացուցի և եթե մենք չկիրառենք, այդ ժամանակ կարող է մեզ համապատասխան պահանջ ներկայացնել։ Տրամաբանություն չկա, որ մենք շանս ունենք գազի գինն իջեցնելու և չենք իջեցնում։ Եթե մեկը գիտի դրա լուծումը, թող հրապարակավ ասի»։

2016-ի նոյեմբերի սկզբին «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` ՀՀ-ում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով: Արդյունքում գազը սպառողների համար էժանացել է 7.7 դրամով, բացի այդ՝ կստեղծվեն սպառողների նոր խմբեր, որոնց համար սակագինը նորովի կհաշվարկվի։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---