Իրազեկման միամսյակ. Ծննդատներում կանանց օգնում են լրացնել ծննդյան նպաստ ստանալու առցանց դիմումները

Իրազեկման միամսյակ. Ծննդատներում կանանց օգնում են լրացնել ծննդյան նպաստ ստանալու առցանց դիմումները

PanARMENIAN.Net - Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայությունը ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ մարտի 8-ից ապրիլի 7-ը Հայաստանի ծննդատներում կազմակերպում է լայնածավալ քարոզարշավ։

Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, քարոզարշավի նպատակը՝ առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստն առցանց դիմումով ստանալու վերաբերյալ երիտասարդ մայրերի շրջանում իրազեկության բարձրացումն է:

Ծառայության աշխատակիցներից և կամավորներից բաղկացած 12 խումբ արդեն իսկ այցելում է հանրապետության ծննդատներ, մայրերին իրազեկում նոր համակարգի առավելությունների մասին և տեղում օգնում նրանց լրացնել ծննդյան միանվագ նպաստ ստանալու առցանց դիմումներ` ձերբազատելով նրանց սոցիալական ապահովության տարածքային բաժիններ այցելելու անհրաժեշտությունից:

Նոր համակարգի և առցանց դիմումի լրացման կարգի վերաբերյալ ծննդատներում տեղադրվում են տեղեկատվական պաստառներ և բաժանվում են բուկլետներ։

Նախարարությունից հիշեցնում են, սոցիալական ապահովության պետական ծառայությունը 2017թ. հունվարի 1-ից ներդրել է ընտանիքում առաջին կամ երկրորդ երեխայի ծննդյան դեպքում տրամադրվող միանվագ նպաստի տրամադրման առցանց ծառայություն։

Առցանց դիմելու դեպքում գումարը հնարավոր է ստանալ տասը օրվա ընթացքում, անմիջապես բանկային հաշվին փոխանցելու կամ ուղղակի բանկ այցելելու միջոցով (առանց բանկային հաշվի առկայության): Մինչդեռ տարածքային բաժին այցելելու և թղթային տարբերակով դիմում ներկայացնելու դեպքում՝ գումարը կարելի է ստանալ մեկ ամսվա ընթացքում։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---