Կարապետյանը շարունակում է պնդել. Բենզինի և դիզվառելիքի որակի խնդիր կա

Կարապետյանը շարունակում է պնդել. Բենզինի և դիզվառելիքի որակի խնդիր կա

PanARMENIAN.Net - Իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում բենզինի և դիզելային վառելիքի որակի մասով վեր են հանվել խնդիրներ: Այս մասին հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիր մարտի 16-ի նիստում:

Նա նշել է, որ խնդիրը հաճախ պայմանավորվում է վառելիքի տեսակների ոչ հստակ տարանջատմամբ, ինչպես նաև գործնականում որոշակի բացերով, արդյունքում էական վնաս է պատճառվում է սպառողներին և շուկային, գրում է Aysor.am-ը։

Վարչապետը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին հանձնարարել է մեկամսյա ժամկետում բենզինի, դիզելային վառելիքի և այլ վառելանյութերի վաճառքի ոլորտում չարաշահումների վերացման, որակի վերահսկողության գործառույթներն առավել արդյունավետ իրականացման նպատակով ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն՝ համապատասխան թույլտվություններն ըստ վառելիքի տեսակների հստակ տարանջատման վերաբերյալ՝ հաշվի առնելով ՀՀ ներքին շուկայում դրանց սպառման փաստացի կառուցվածքը:

«Հաջորդը՝ համատեղ քննարկել ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հետ, մշակել այս ոլորտում առկա խնդիրները վեր հանելու և կանխարգելող հստակ մեթոդաբանություն», -հանձնարարել է Կարապետյանը։

Ինչպես հայտնի է, մարտի 1-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ԱԺ-ում մարտի 1-ին բանակում վառելիքի հետ կապված հայտարարություն է արել:

Վարչապետի խոսքով, ապրիլյան պատերազմի օրերին բանակն ունեցել է վառելիքի խնդիր, ինչի պատճառով ռազմական տեխնիկան հնարավոր չի եղել աշխատեցնել: Պարզվում է՝ դիզվառելիքի հետ կերոսին են խառնում, եւ շուկայում այդպես անորակ վառելիք վաճառում: «Ապրիլյան պատերազմի օրերին մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում այդ պատճառով»,- ասել էր վարչապետը:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մարտի 3-ին հայտարարել է, որ Պաշտպանության բանակը ռազմական տեխնիկան չէր աշխատանցի, եթե չվստահեր մատակարարվող վառելիքի որակին: Պաշտպանության նախարարը հստակ պատասխան չունի բանակում անորակ վառելիքի հարցին:

Պաշտպանության բանակում դիզվառելիքի հետ կապված խնդիրների մասով ՀՀ քննաչական կոմիտեում գործ չի քննվում: «Ձեր կողմից մատնանշված դեպքի վերաբերյալ նյութեր, հաղորդում ՀՀ քննչական կոմիտեն չի ստացել», - PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հարցին, թե ապրիլյան պատերազմից հետո ձերբակալված պաշտոնատար անձանց գործերի շրջանակում կան վառելիքի հետ կապված խախտումներ, կոմիտեն չի պատասխանել:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---