Կոստանյան. ՄԻԵԴ-ի վճիռներից մեկով միայն ՀՀ-ն պարտավոր է 11 մլն եվրո տուգանք վճարել

Կոստանյան. ՄԻԵԴ-ի վճիռներից մեկով միայն ՀՀ-ն պարտավոր է 11 մլն եվրո տուգանք վճարել

PanARMENIAN.Net - Անցած 15 տարվա ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդդեմ Հայաստանի ՀՀ քաղաքացու 2000 հայցադիմում է ներկայացվել, որոնց ընդհանուր գումարը կազմել է 15 մլն եվրո։ Այս մասին տեղեկացրել է ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը:

Ներկայացված հայցերից վճիռ է կայացվել մոտ 30-ի գործով, որոնց ընդհանուր արժեքը 900 հազար եվրոյի է հասնում:

Կոստանյանի խոսքով, վերջին աղմկոտ վճիռներից է «Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» գանգատի գործով կայացվածը. Սահմանված տուգանքի չափը աննախադեպ է Հայաստանի համար՝ 11 մլն եվրո։

ՄԻԵԴ-ը 2016-ի հոկտեմբերին հրապարակել էր «Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» վճիռը, որում խախտված է ճանաչվել արդար դատաքննության իրավունքը (Կոնվենցիայի 6-րդ հոդված):

Հարցին, թե պետբյուջեից այդ գումարները վճարելու փոխարեն արդյոք ճիշտ չի լինի գումարը գանձել խախտումը թույլ տված դատավորից՝ Կոստանյանը նշեց, որ դատարանի և դատավորի անկախությունը ենթադրում է ֆինանսական իմունիտետ, դա, ըստ էության, հնարավորություն չի տալիս դատավորից ամբողջական գումարը հետ պահանջել:

«Սակայն դա կարող է հիմք լինել նրա նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու համար: Եթե նման վարույթ սկսելու դեպքում դատավորը ենթարկվի կարգապահական պատասխանատվության, ապա դա կենթադրի նաև որոշակի ֆինանսական պատասխանատվություն», - պարզաբանել է Կոստանյանը, գրում է Pastinfo.am-ը:

Նա տեղեկացրել է, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ կարող է սկսել արդարադատության նախարարը և Էթիկայի հանձնաժողովը։

Կոստանյանը տեղեկացրել է նաև, որ դատավորին կարելի է վճռի հիման վրա կարգապահական պատասխանատվության ենթարկել 2 դեպքում, եթե առկա է չարամիտ խախտում, այսինքն` դիտավորությամբ դատավորը խախտել է օրենքը: Երկրորդ, եթե ցուցաբերել է չարամիտ անգործություն, անփութություն,այսինքն, ինքը պետք է իմանար, բայց չի իմացել։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---