ՔԿ. Արթուր Սարգսյանի մահվան դատաբժշկական փորձաքննությանը կարող է մասնակցել հարազատների առաջարկած մասնագետը

ՔԿ. Արթուր Սարգսյանի մահվան դատաբժշկական փորձաքննությանը կարող է մասնակցել հարազատների առաջարկած մասնագետը

PanARMENIAN.Net - ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում` բժշկական կենտրոնում «Սասնա ծռերին» սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքները պարզելու համար:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, և բժշկական կենտրոնից մարտի 17-ին վերցվել են Սարգսյանի հիվանդության պատմագիրը, բուժմանը վերաբերող անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:

ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ` վարույթն իրականացնող մարմինը տուժողի` Արթուր Սարգսյանի հարազատներին կամ նրանց կողմից առաջարկած մասնագետներին հնարավորություն կընձեռի, ցանկության դեպքում, մասնակից լինել դատաբժշկական փորձաքննության կատարմանը` գործող օրենսդրության շրջանակում, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նախնական տվյալներով` Սարգսյանը «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել` 2017 թվականի մարտի 15-ին` ժամը 18:50-ի սահմաններում, «աճուկային օղակած ճողվածք» նախնական ախտորոշմամբ: Նույն օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում, նա ենթարկվել է վիրահատության, սակայն վիրահատությունից հետո նրա մոտ առաջացել են շնչառական խնդիրներ, ինչի պատճառով մարտի 16-ին` ժամը 00:00-ի սահմաններում, տեղափոխվել է նույն բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, միացվել արհեստական շնչառության սարք: Մարտի 16-ին` ժամը 15:40-ին, արձանագրվել է Սարգսյանի կլինիկական մահը:

Արթուր Սարգսյանը 25 օր հացադուլի մեջ էր «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում: Մարտի 6-ին նա ազատ էր արձակվել. ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ ընդունվել էր 27 պատգամավորի կողմից երաշխավորությունը և Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել էր:

Արթուր Սարգսյանը 2016-ի հուլիսի 26-ին՝ ճեղքելով ոստիկանական պատնեշները սեփական մեքենայով սնունդ էր հացրել ՊՊԾ գնդի զավթած տարածք և միացել «Սասնա ծռերին»: 2017-ի փետրվարի 9-ին դատարանը որոշել է կրկին փոխել Արթուր Սարգսյանի խափանման միջոցը՝ երկու ամսով կալանավորելով նրան: Նա այժմ մեղադրվում է զինված խմբի անդամներին օժանդակելու մեջ: Մինչև այդ Սարգսյանը մեղադրվում էր պատանդ վերցնելու, շենք, շինություններ զավթելու և ապօրինի զենք կրելու համար, ինչպես և խմբի մյուս անդամները։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---