Գարեգին Բ. Ադրբեջանը չի թաքցնում ԼՂ խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու իր ցանկությունը

Գարեգին Բ. Ադրբեջանը չի թաքցնում ԼՂ խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու իր ցանկությունը

PanARMENIAN.Net - Ադրբեջանը չի թաքցնում խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու իր ցանկությունը, ինչը փաստում են 2016 թ. ապրիլին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում սանձնազերծված ռազմական գործողությունները: Այս մասին Ֆինլանդիա կատարած միջեկեղեցական այցի շրջանակներում հայտարարել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Կարելիայի և Համայն Ֆինլանդիայի արքեպիսկոպոս, Ֆինլանդիայի Ուղղափառ Եկեղեցու պետ Լեոյի հետ հանդիպման ժամանակ:

Նորին Սրբությունն ընդգծել է, որ Հայոց եկեղեցին պատմության ընթացքում մշտապես իր առաքելության կարևորագույն մասն է համարել ժողովուրդների միջև խաղաղ համակեցության, փոխհանդուրժողականության ու փոխըմբռնման հաստատմանն ուղղված գործընթացներին իր մասնակցությունը: Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության առաջին օրվանից Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդի միջև սկզբնավորված երկխոսությանը և հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին:

«Իբրև պատերազմի և արհավիրքի ցավը կրող ժողովուրդ՝ Մեր ցանկությունն է, որ շուտափույթ խաղաղություն հաստատվի ողջ աշխարհում, և չլինեն սգացող այրիներ, որբացած զավակներ և որդեկորույս մայրեր, որպեսզի ամենքն ապրեն ապահով, խաղաղ և երջանիկ կյանքով:

Այս մտածումներով Մեր ջերմեռանդ աղոթքն ենք վերառաքում առ Բարձրյալն Աստված` խնդրելով, որ Տերն օժտի մեզ Իր սիրո շնորհով և զորացնի ճշմարտության Իր Հոգով: Թող Ամենաբարին Աստված օրհնի Ֆինլանդիայի Հանրապետությունը և այս հյուրընկալ երկրի բարեսիրտ ժողովրդին` շնորհելով հարատև առաջընթաց և բարօրություն», - ասել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից հաղորդում են, որ Կուոպիո քաղաքում ուղղափառ եկեղեցու կենտրոն և թանգարան այցելությունից հետո երկու եկեղեցապետը համատեղ աղոթքի են մասնակցել Նոր Վալաամ վանական համալիրում: Լեո արքեպիսկոպոսը, շեշտելով Հայոց Եկեղեցու առաքելական հնագույն ծագումն ու բերած ավանդն ընդհանրական քրիստոնեական ընտանիքից ներս, կարևորել է նաև Հայաստանյայց Առաքելական և Ֆինլանդիայի Ուղղափառ եկեղեցիների միջև ձևավորված ջերմ եղբայրական հարաբերությունների հեռանկարների ու զարգացումների միասնական, համատեղ ջանքերով կերտումը:

Համատեղ աղոթքից հետո Վեհափառ Հայրապետն ու նրան ուղեկցող պատվիրակությունը, Ֆինն Ուղղափառ եկեղեցու նվիրապետի և նրա պատվիրակության հետ միասին, հյուրընկալվել են Նոր Վալաամ վանքի վանահայր Սերգիոս վարդապետի կողմից:

Մարտի 22-ին Վեհափառ Հայրապետն ու նրան ուղեկցող շքախումբը ծանոթացել են վանքի առօրյային, մշակութային-վանական զանազան ձեռնարկներին ու կառույցներին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---