ՕՐՕ դաշինքը Բաբայանին քաղբանտարկյալ է համարում, իսկ կալանավորումը՝ քաղաքական հետապնդում

ՕՐՕ դաշինքը Բաբայանին քաղբանտարկյալ է համարում, իսկ կալանավորումը՝ քաղաքական հետապնդում

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կալանավորումը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների նկատմամբ քաղաքական հատապնդման արդյունք է, որն անընդունելի է քարոզարշավի ընթացքում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է դաշինքի համապետական ցուցակը գլխավորող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Այս ընթացքում հարվածներ, ճնշումներ են եղել մեր դաշինքի նկատմամբ, նաև համապատասխան ազդեցության տարբեր միջոցառումներ՝ սկսած Ջրառատի, Էջմիածնի դեպքերից, Սամվել Բաբայանի հետ կապված բոլոր գործընթացները»,- ասել է Օհանյանը՝ հավելելով, որ Սամվել Բաբայանն իրենց մարտական ընկերն է, գաղափարակից գործընկերը, համակիրն է, տարբեր ժամանահատվածներում իր հնարավորությունների սահմաններում աջակցել է իրենց և նրա իրավունքների պաշտպանության գործում լինելու են հաստատակամ, գնալու են մինչև վերջ, գրում է Panorama.am-ը:

«Մենք աշխատում ենք նրա փաստաբանի միջոցով, տեղեկատվություն է տալիս, ներկայացված տվյալներով որևէ փաստ գոյություն չունի, Սամվել Բաբայանն այդ ամենը չի վերցրել իր վրա, որևէ մի առնչություն ինքը չունի: Չեմ կարծում, որ նա կարող էր այսպիսի փոքր խնդիրներով զբաղվել հատկապես այս ժամանակահատվածի հետ կապված: Եթե կան տեղեկություններ, թող տան, որպեսզի մենք էլ իմանանք, եթե չկան, ապա գոնե այս ժամանակահատվածի համար գտնում եմ, որ քաղաքական հետապնդում է Սամվելի, մեր դաշինքի նկատմամբ, որն ընդունելի չէ քարոզարշավի ընթացքում: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ մեր դաշինքն ունի ուժ, վերահսկողությունից դուրս է, այն փոխելու է իշխանությունը, կառավարման նոր համակարգ ենք ձևավորելու»,- ասել է Օհանյանը:

Հարցին, թե ինչպե՞ս են գնահատում ՀՀ Գլխավոր դատախազության և Բաբայանի փաստաբանների հայտարարությունների միջև առկա հակասությունները, Օհանյանը պատասխանել է. «Հաշվի առելով Հայաստանի դատաիրավական համակարգը, պնդում եմ, որ փաստաբանին ենք հավատում»:

Անդրադառնալով իր հնարավոր ձերբակալության մասին լուրերին, Օհանյանը նշեց. «Դրանք բոլորն ապատեղեկատվություն են, ես քայլում եմ Հայաստանի Հանրապետությունում, գտնվում եմ մեծ քաղաքական գործընթացների մեջ, եթե նման տեղեկություն լիներ, գոնե իրավապահ ոլորտից մեկը կանդրադառնար դրան: Բայց Հայաստանում ենք, ոչինչ չի բացառվում»։

Դաշինքի համապետական ցուցակի 3-րդ համար, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանն էլ խոսելով Բաբայանի կալանավորման մասին, նույնպես կարծիք է հայտնել, որ քաղաքական հետապնդում է:

«Ավելի համոզիչ փաստեր չեն ներկայացնում: Ինքս համարում եմ, որ Սամվել Բաբայանը քաղաքական բանտարակյալ է, ինչպես Ժիրայր Սեֆիլյանը, Անդրիաս Ղուկասյանը, «Սասնա ծռերի» տղաները: Իհարկե, «Սասնա ծռերի» հետ կապված ընդունում եմ, որ կա ոստիկանների մահվան խնդիրը, պետք է լինի արդար դատավարություն, քննություն: Երբ որ լինի իշխանափոխություն, կարծում եմ՝ ցանկացած այլ քաղաքական ուժ այդ տղաներին բանտից ազատ կարձակի»,- ասաց նա:

Օսկանյանը, սակայն, շեշտել է, որ չեն խրախուսում զենքի միջոցով հարց լուծելը:

Սամվել Բաբայանը ձերբակալվել է մարտի 22-ին: ՀՀ Ազգային անվտանգության ծառայության հաղորդմամբ, մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այս պահին ձերբակալված են 3 անձ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանը. «Կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են նաև արժանահավատ տվյալներ, որ նշված զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը և փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ և նրա պատվերով»։

Դատարանի որոշմամբ կալանավորվել է մարտի 24-ին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասի և 235.1. հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: ՀՀ Գլխավոր դատախազության հաղորդմամբ, թեև հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձինք առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչել, սակայն կասկածյալի դատավարական կարգավիճակում հարցաքննության ընթացքում նրանք, այդ թվում՝ Սամվել Բաբայանը, ընդունել են իրենց առնչությունը նշված ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը և տեղեկություններ հայտնել դրա հանգամանքների վերաբերյալ:

Կարդացեք նաև՝ Գեներալ առանց բանակի. Ինչով էր զբաղվում «Իժոն» պատերազմից հետո

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---