Ապրիլից ապրիլ30 մարտի 2017 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Անկախ Հայաստանի 25-րդ տարին բերեց մի օր, որն այսուհետ, ինչպես նոր տարին կամ անկախության հերթական տարեդարձը, առիթ ու ջրբաժան է լինելու նախորդ շրջանում արած-չարածը վերլուծելու ու արդյունքներն ամփոփելու համար: Ապրիլի 2-ը կիսեց երկրի նորանկախ պատմությունը մինչև «քառօրյա պատերազմն» ու «քառօրյա պատերազմից հետո» շրջանների: Կարճ թվարկենք կարևորագույն իրադարձությունները, որոնք հիմք են տալիս 2016-ի ապրիլից 2017-ի ապրիլն ընկած պայմանական «տարին» պատմական անվանել. արցախյան պատերազմից ի վեր առավել ծանր ռազմական բախումներ, անցած պատերազմից ի վեր առաջին անգամ տարածքային կորուստներ, «Սասնա ծռերն» ու մարտի 1-ից հետո ցուցարարներ-իշխանություն առավել արյունոտ ու վտանգավոր առճակատումը, 7 տարվա ամենացածր տնտեսական աճը, 10 տարվա ամենամեծ արտագաղթի ցուցանիշը, «Հաց բերողի» մահը, դիվանագիտական սկանդալներ ՀԱՊԿ ու ԵՏՄ շրջանակներում դե-յուրե դաշնակիցների հետ: Ունեցանք և որոշակի ձեռքբերումներ: Պատերազմից հետո առաջնագիծը վերջապես ջերմատեսիլներով էր կահավորվում, անկախության զորահանդեսին «Իսկանդերներ», «Սմերչեր», «ԲՈՒԿ-եր» ու այլ նոր զինտեխնիկա ցուցադրվեց, Ցեղասպանության տարելիցին «Ավրորա» մրցանակն էինք հանձնում այսօր՝ այլ երկրներում տանջվողներին փրկող մարդկանց, Հռոմի պապը պատմական այցով Հայաստան եկավ, ունեցանք նոր` առանց մականունավորների կառավարություն, որի գործելաոճը տնտեսության աշխուժացման գոնե թույլ հույսեր է ներշնչում: Վերջապես, 20 տարում առաջին անգամ օլիմպիական ոսկի նվաճեցինք, ֆուտբոլի հավաքականն էլ նոր մարզիչ ունի ու վերջապես հուսադրող խաղ է ցույց տալիս: Այսքան` առանց ասելու էլ թարմ հուշերը թվարկեցինք ցույց տալու մի պարզ բան. Հայաստանն արագանում է: Վանո Սիրադեղյանն ասում էր «մեծ արագությունների երկիր չէ Հայաստանը» (թեև փոքր-ինչ այլ իմաստով), ու այդ խոսքը երկար ժամանակ ներքին կյանքին, հասարակության դրվածքին էլ էր սազում: Հիմա փոքր արագությունների ճոխություն, գոնե առայժմ, էլ չկա, կորցրել ենք այն: Երկիրն ու շրջապատը դինամիկ փոխվում են՝ մի տարում տեղավորված իրադարձությունները նախկինում 5-10 տարի կպահանջեին: Այդ դինամիկան ինքն իրենով ոչ դրական, ոչ բացասական բան չի խոստանում` այն կարող է բերել Հայաստանին թե խոշոր նվաճումներ, թե ծանր պարտություններ: Սակայն այն խոստանում է էլ ավելի դաժան պատժել դինջ ու դանդաղաշարժ պահվածքի համար: Բանակը չի կարող արագորեն չվերազինվել, այլապես՝ ավելի ծանր կորուստներ են լինելու: Իշխանությունը չի կարող դանդաղել ռեֆորմների հարցում. ժողովրդի հետ անջրպետն ավելի կխորանա, անկանխաեսելի պոռթկումների սպառնալիքը մեծացնելով: Ընդդիմությունը չի կարող արագ չինքնակազմակերպվել, չվերլուծել սեփական սխալները, այլապես՝ հասարակության դժգոհ հատվածը կհանձնի ծայրահեղականների ձեռքը: Հասարակությունն այլևս իրավունք չունի արագորեն չկրթվել, այլապես՝ կշարունակի մնալ պոպուլիստների ու տարբեր կալիբրի կաշառակերների պատանդը: Ապրիլի 2-ին Հայաստանն ընտրություններով փակում է առաջին հետպատերազմյան տարին ու մտնում երկրորդը: Կհասցնեն արդյոք իշխանությունը, ընդդիմությունն ու ժողովուրդը երկրի արագացող տեմպին, թե չեն հասցնի՝ հասցնելով երկիրը նոր ցնցումների, կիմանանք՝ ամփոփելով տարին 2018-ի ապրիլին: Նիկոլայ Թորոսյան/PanARMENIAN.Net Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի 4 հեղինակավոր մրցանակով Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որը 2013-ին ստացել է հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով Նշվում է, որ այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ |