Նախագահը՝ ԵԱՀԿ դիտորդներին. Լավ ընտրություններ անցկացնելու բոլոր նախադրյալները կան

Նախագահը՝ ԵԱՀԿ դիտորդներին. Լավ ընտրություններ անցկացնելու բոլոր նախադրյալները կան

PanARMENIAN.Net - Հայաստանը մեծապես կարևորում է ԵԱՀԿ դիտորդական առաքելությունների դերը Հայաստանի ընտրական գործընթացում, այդ թվում՝ ընտրական համակարգի շարունակական բարելավման և զարգացման գործում: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող և ղեկավար Իգնասիո Սանչես Ամորին և նրա գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:

Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ ապրիլի 2-ին նախատեսված ՀՀ ԱԺ ընտրությունների դիտարկմանը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայանում են համատեղ ուժեղ թիմով, որը ղեկավարում և համակարգում է իր սկզբունքային դիրքորոշումներով հայտնի, փորձառու և հմուտ քաղաքական գործիչ՝ պարոն Իգնասիո Սանչես Ամորը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Ընդգծելով, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարևոր հանգրվան են Հայաստանի արդյունավետ կառավարման տեսլականը կյանքի կոչելու ճանապարհին, նախագահը նշել է, որ երկրի իշխանությունները հենց այս տեսանկյունից են կարևորում ընտրողների վստահության բարձրացումն ու ամրապնդումը ընտրական գործընթացի նկատմամբ: Այդ նպատակով լայն քաղաքական և հասարակական քննարկումների ու կոնսենսուսի արդյունքում ընդունվեցին ու նոր ընտրական օրենսգրքում ամրագրվեցին ընտրական գործընթացի օրինականության վերահսկման մեխանիզմները սահմանող դրույթներ: Նախագահի համոզմամբ, իրականացված մեծածավալ աշխատանքը թույլ է տալիս պնդելու, որ առկա են բոլոր նախադրյալները՝ քաղաքական կամք, օրենսդրական կարգավորումներ, տեխնիկական հնարավորություններ՝ Հայաստանում լավ ընտրություններ անցկացնելու համար, և իշխանություններն իրենց իրավասության շրջանակում անելու են ամեն հնարավորը՝ դա իրականություն դարձնելու:

Նշելով, որ ընտրությունները, բնականաբար, ենթադրում են մրցակցություն, և ինչպես ցանկացած մրցակցային պայքարում, ընտրություններում ևս մրցանակային տեղ գրավելու համար մասնակիցներից շատերը երբեմն կարող են տրվել տարբեր՝ այդ թվում անընդունելի մեթոդների գայթակղությանը, Նախագահը այս համատեքստում չափազանց կարևոր է համարել, որպեսզի բոլոր դիտորդական առաքելությունները ցուցաբերեն հավասարակշռված, անկողմնակալ մոտեցում և իրենց գնահատականը ձևավորեն սեփական դիտարկումների ու հավաստի տեղեկությունների հիման վրա:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունները պատրաստակամություն են ցուցաբերել համակողմանի օժանդակել բոլոր դիտորդական առաքելություններին՝ իրականացնելու իրենց մասնագիտական աշխատանքը, այդ թվում նաև ընտրությունների օրը և դրանից հետո:

ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող և ղեկավար Իգնասիո Սանչես Ամորը վստահեցրել է, որ մասնագիտական որևէ շեղում իրենց աշխատանքում չի լինելու, և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, որպես ընտրական գործընթացի դիտարկման գործում Եվրոպայի ամենափորձառու կազմակերպությունը, որը մեկ ամսից ավելի է, ինչ Հայաստանում է և իրականացրել է իրավիճակի գնահատման ուղղությամբ փորձագիտական մեծ աշխատանք՝ շարունակելու է նույն բարձր մասնագիտական որակով ու բարեխղճությամբ իրականացնել իր առաքելությունը:

Դիտորդական առաքելության ղեկավարը գոհունակություն է հայտնել, որ Հայաստանի կառավարությունը ընտրությունների դիտարկման գործընթացում ներգրավել է մեծ թվով՝ շուրջ 30 հազար տեղական հասարակական կազմակերպությունների, որոնց կազմում ընդգրկված են բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիներ: Նա միաժամանակ կարևորել է, որ բոլոր առաքելությունները պատասխանատու կերպով մոտենան իրենց աշխատանքին՝ ցուցաբերելով բարձր մասնագիտական մոտեցում:

Հանդիպմանը Իգնասիո Սանչես Ամորը նաև ողջունել և քաջալերել է Հայաստանում իրականացվող բարեփոխումները:

ՀՀ խորհրդարանական ընտրություններին առաջադրվել է 4 կուսակցություն և 5 դաշինք՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» դաշինքը, ԵԼՔ դաշինքը, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Հայկական վերածնունդը», ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը, Կոմունիստական կուսակցությունը, «Ազատ դեմոկրատներ» և «Ազատություն» կուսակցությունների դաշինքը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---