Freedom House. ՀՀ-ն մոտենում է «համախմբված ավտորիտար ռեժիմի» շեմին

Freedom House. ՀՀ-ն մոտենում է «համախմբված ավտորիտար ռեժիմի» շեմին

PanARMENIAN.Net - Հայաստանը մոտ է ժողովրդավարական ռեժիմը «համախմբված ավտորիտար ռեժիմից» անջատող շեմին: Այդ մասին ասվում է Nations in Transit (Անցումային շրջանի երկրներ) զեկույցում, որը պատրաստել է միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը:

Ըստ զեկույցի, Հայաստանն այնուամենայնիվ, պահպանում է քաղաքական բազմակարծության անհրաժեշտ մակարդակը, որը կանխում է մեկ մարդու կամ խմբի լիակատար տիրապետությունը:

Nations in Transit զեկույցը ներառում է 29 հետկոմունիստական երկիր՝ նախկին ԽՍՀՄ-ում, Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում, ինչպես նաև Բալկաններում:

Զեկույցում Հայաստանը միակ երկիրն է «համախմբված կիսաավտորիտար ռեժիմի» կարգավիճակով, մինչդեռ, Բելառուսը, ՌԴ-ն և Ադրբեջանը բնութագրվում են որպես համախմբված ավտորիտար ռեժիմներ: Անդրադառնալով 2015-ի սահմանադրական հանրաքվեին՝ զեկույցը նշում է, որ այդ արմատական փոփոխությունները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համար սեփական իշխանությունն ու ակտիվները պահպանելու միջոց են:

Ըստ զեկույցի, խորհրդարանական մոդելին անցնելուց զատ, ևս մեկ կարևոր փոփոխություն է ընտրություններից հետո կայուն մեծամասնության ապահովման նոր համակարգը, որը լրացուցիչ տեղեր է ապահովում ԱԺ-ում այն կուսակցության համար, որը ձայների առավելագույն քանակը կստանա: Դա թույլ կատ նրան կառավարություն ձևավորել:

Ինչպես նշվում է զեկույցում, կառավարման խորհրդարանական մոդելը ՀՀԿ-ի իշխանությունն ապահովելու մեխանիզմ է:

Զեկույցում ՀՀ-ն վատթարացրել է ժողովրդավարության ցուցանիշը՝ 5.38 միավորից մինչև 5.39, որտեղ 1-ով է նշվում ամենաժողովրդավարական երկիրը, իսկ 7-ով՝ ոչ ժողովրդավարը:

Հարևան Վրաստանում ժողովրդավարության մակարդակը նույնն է մնացել՝ 4.61 միավոր: Սակայն Ադրբեջանում նվազում է գրանցվել՝ 6.86-ից մինչև 6.93, իսկ ՌԴ-ում՝ 6.50-ից մինչև 6.57:

 Ուշագրավ
---