ԵԱՀԿ առաքելությունը Հադրութի ուղղությամբ հրադադարի խախտումներ չի արձանագրել

ԵԱՀԿ առաքելությունը Հադրութի ուղղությամբ հրադադարի խախտումներ չի արձանագրել

PanARMENIAN.Net - Ապրիլի 5-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի շրջանի ուղղությամբ՝ Կարախանբեյլիի մոտակայքում:

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Դիտարկման առաքելությանն արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Գենադիե Պետրիկան (Մոլդովա), ինչպես նաև ԵԱՀԿ Բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ներկայացուցիչ փոխգնդապետ Պատրիկ Ֆարելին (Իռլանդիա)։

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա), ԵԱՀԿ ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլլերը (Մեծ Բրիտանիա) և ԵԱՀԿ Բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ղեկավար գնդապետ Հանս Լամպալցերը (Ավստրիա)։

Փետրվարի 7-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Հադրութի շրջանի ուղղությամբ՝ Հորադիզից դեպի հյուսիս։ Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---