Դավթաշենում ծառահատումների դեպքով քրգործ է հարուցվել. Կասկածյալը ձերբակալվել է

Դավթաշենում ծառահատումների դեպքով քրգործ է հարուցվել. Կասկածյալը ձերբակալվել է

PanARMENIAN.Net - Դավթաշեն վարչական շրջանում ապօրինի ծառահատման դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի Աղաբաբյան փողոցում՝ «Դելֆին» լողավազանի դիմացի ծառերը հատող անձը հանդիսանում է Ա.Ս, որը 2017 թվականի ապրիլի 10-ին՝ ժամը 11:30-ին բերման է ենթարկվել ոստիկանություն և խոստովանական բացատրություն է տվել, որ 2017 թվականի ապրիլի 8-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, իրեն պատկանող բենզասղոցով կտրել է թվով 23 «բարդի» տեսակի ծառեր:

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի ցուցումով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքը կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Ա.Ս.-ն ձերբակալվել է:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նշված տարածքում ապօրինի հատվել է թվով 29 «բարդի» և «թեղի» տեսակի ծառեր: Բուսական աշխարին պատճառված վնասի չափը կազմել է 2.860.000 ՀՀ դրամ:

Ապրիլի 10-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Աղաբաբյան փողոցում՝ «Դելֆին» լողավազանի դիմաց, բարդիներ են հատել:

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել էր ապրիլի 9-ին մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանում կատարված ապօրինի ծառահատման դեպքին: «Երեկ Դավթաշենում արձանագրված դեպքն ուղղակի վանդալիզմ է: Բոլորիդ է հայտնի ապօրինի ծառահատումների հետ կապված իմ դիրքորոշումը. ցանկացած նման դեպք պետք է օրենքով սահմանված կարգով պատժվի: Իսկ ա՛յս դեպքում ծառահատում իրականացնողները պետք է անպայման հայտնաբերվեն ու ենթարկվեն օրենքով սահմանված ամենախիստ պատժին», - ընդգծել է քաղաքապետը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---