18  11.04.17 - Անելիք բանկը գործարկեց պետական ծառայությունների մատուցման միասնական ծրագիր

Անելիք բանկը պետական ծառայությունների մատուցման միասնական ծրագիր է գործարկել

Անելիք բանկը պետական ծառայությունների մատուցման միասնական ծրագիր է գործարկել

PanARMENIAN.Net - Ապրիլի 11-ից Անելիք բանկի «Տիգրան Մեծ» մասնաճյուղում արդեն հնարավոր է պետական մի շարք ծառայություններ ստանալ` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետ.գրանցման, իրավաբանական անձանց գրանցման, չդատվածության մասին և քաղաքացիական ակտերի գրանցման վերաբերյալ և այլ տեղեկանքներ:

Ծրագրի մեկնարկն ազդարարվեց հենց Անելիք բանկի «Տիգրան Մեծ» մասնաճյուղում: Միջոցառմանը ներկա էին ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Բանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը, այլ պաշտոնատար անձիք:

Արդարադատության նախարարը կարևորեց ծրագրի գործարկումն Անելիք բանկում և նշեց, որ այս մասնաճյուղի շնորհիվ ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան ստանալու պետական իշխանական գործառույթներ` առանց լրացուցիչ ջանքերի:

«Միասնական ծրագրի նպատակն էր քաղաքացիների համար առավել մատչելի դարձնել այն ծառայությունները, որոնք մատուցում են տարբեր պետական մարմինները: Մեկ գաղափար ենք հետապնդել՝ հնարավորություն ընձեռել ՀՀ քաղաքացիներին իրենց համար նախընտրելի վայրից ստանալ ծառայություններ՝ խնայելով ժամանակն ու ռեսուրսները:

Ուրախ եմ, որ Անելիք բանկը նույնպես միացավ ծրագրին: Կարծում եմ՝ ծրագիրը փոխշահավետ է հատկապես բանկերի համար, քանի որ իրենց հաճախորդները կարող են տեղում ստանալ այն գործառույթները, որոնց իրականացման համար Բանկը պիտի լիներ առաջին, վերջին կամ միջնորդող օղակը», - ասաց արդարադատության նախարարը:

Անելիք բանկի վարչության նախագահի խոսքով, այս նախաձեռնությունը քաղաքացիներին հնարավորություն է տալու մեկ կետում իրականացնել մի շարք գործողություններ:

Նա հավելեց, որ միասնական համակարգի միջոցով Բանկի հաճախորդները կկարողանան ծառայություններ ստանալ՝ ավելի քիչ ժամանակ ծախսելով, քան տարբեր գերատեսչություններ այցելելով:

«Բանկը մշտապես շարունակում է ընդլայնել և կատարելագործել մատուցվող ծառայություններն ու մեր սպասարկման բարձր որակը, անշուշտ, կիրառելու ենք նաև այս ոլորտում: Մեր բանկի օրինակով առաջ ենք ընթանում՝ ծառայություններ մատուցելով նույնիսկ բանկ հաճախելուց մեկ օր առաջ, հեռախոսով պատվիրման միջոցով», - ասաց վարչության նախագահը:

Կարամանուկյանը տեղեկացրեց, որ պետական ծառայությունների մատուցման միասնական ծրագիրը մինչև ապրիլի վերջ կգործարկվի Բանկի երևանյան բոլոր մասնաճյուղերում, իսկ մինչև մայիսի ավարտը նախատեսվում է ծրագիրը գործարկել նաև Երևանից դուրս գտնվող մասնաճյուղերում:

Ներկայում ՀՀ ամբողջ տարածքում գործում է միասնական 40 գրասենյակ, որից 15-ը՝ Երևանում, մյուսները՝ Գառնիում, Գյումրիում, Վաղարշապատում, Հաղարծնում, Իջևանում, Բյուրականում, Կարբիում, Արմաշում, Մեծամորում, Զվարթնոցում, Սարուխանում, Ծովագյուղում, Մաստարայում, Վանաձորում, Նոյեմբերյանում, Գավառում, Բերդում, Ավավերդիում, Ստեփանավանում, Եղեգնաձորում, Վայքում, Գորիսում, Կապանում և Մեղրիում:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---