Reddit-ի համահիմնադիրը՝ «Խոստումի» պրեմիերային. Նրանք չկարողացան մեզ ոչնչացնել և չեն կարող լռեցնել

Reddit-ի համահիմնադիրը՝ «Խոստումի» պրեմիերային. Նրանք չկարողացան մեզ ոչնչացնել և չեն կարող լռեցնել

PanARMENIAN.Net - Reddit սոցցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը միացել է «Խոստումը» ֆիլմի աջակցության քարոզարշավին: «Հուսանք, որ այդ էպիկական ֆիլմը կնպաստի Հայոց ցեղասպանության իրողության մասին իրազեկմանը և ճանաչմանը»,-գրել է Օհանյանը իր ֆեսյբուքյան էջում՝ մասնակցելով ֆիլմի փակ ցուցադրությանը Լոս Անջելեսում:

Ալեքսիս Օհանյանը նշել է, որ երախտապարտ է Քըրք Քըրքորյանին հայոց պատմությունը մեծ էկրան բերելու համար:

«Պատիվ ունեմ ներկա գտնվելու Լոս Անջելեսի պրեմիերային իմ հերոսներից մեկի` պապիս` 95-ամյա Ջոն Օհանյանի հետ: Թող մեր ժողովուրդը շարունակի բարգավաճել ամբողջ աշխարհում:

«Խոստումը» ֆիլմին իր աջակցությունն է հայտնել նաև «Վամպիրի օրագրերը» սերիալի աստղ Նինա Դոբրևը: «Խոստանում եմ պայքարել Ցեղասպանության ճանաչման համար #KeepThePromise: Այս չափազանց կարևոր ֆիլմը լույս է սփռում միլիոնավոր մարդկանց մահվան պատճառի վրա», -գրել է Դոբրևը Twitter-ի իր միկրոբլոգում:

Դերասանուհի և երգչուհի Շերը, ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը քրոջ՝ Քորթնիի հետ, նույնպես ներկա են եղել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի պրեմիերային Լոս Անջելեսում: Եռյակը միասին է հայտնվել TCL կինոթատրոնի կարմիր ուղեգորգին ֆիլմի աստղ Քրիստիան Բեյլի հետ միասին: Ֆիլմի ցուցադրությանը ներկա էր նաև Սերժ Թանկյանը տիկնոջ հետ:

«Խոստումը» ֆիլմին սատարում են նաև Ռայան Գոսլինգը, Էլթոն Ջոնը, Լեոնարդո դի Կապրիոն, Սիլվեստր Ստալոնեն, Դոն Չիդլը, Բարբարա Սթրեյզանդը:

Հայաստանի կինոթատրոններում ֆիլմը կցուցադրվի ապրիլի 27-ից:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հայտնի հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին ներկա է գտնվել «Խոստումը» ֆիլմի լոնդոնյան ցուցադրությանը: Ջորջ Քլունիին ուղեկցում էր կինը՝ հայտնի փաստաբան Ամալ Քլունին:

«Խոստումը» Ֆիլմը ներկայացնում է սիրո պատմություն, որը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության օրերին: Tracinda կորպորացիան, որը պատկանում էր ամերիկահայ Քըրք Քըրքորյանին, ստեղծել էր Survival Pictures անվանումով պրոդյուսերական կենտրոն, որի առաջին ձեռնարկը հենց այս ֆիլմն է եղել:«Խոստումի» պրեմիերան կայանալու է ապրիլի 21-ին` Ցեղասպանության 102-րդ տարելիցից առաջ։ Ֆիլմի հայաստանյան պրեմիերան կլինի ապրիլի 27-ին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---