ՀՀ նախագահ. 2016-ին հայկական ապրանքների արտահանումը ԵՏՄ շուկա աճել է 65%-ով

ՀՀ նախագահ. 2016-ին հայկական ապրանքների արտահանումը ԵՏՄ շուկա աճել է 65%-ով

PanARMENIAN.Net - 2016-ին ԵՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունն աճել է ավելի քան 15%-ով, իսկ հայկական ապրանքների արտահանումը եվրասիական շուկա՝ 65%-ով: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Բիշքեկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:

Նիստին մասնակցել են նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և նիստին հրավիրված Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը: Նիստին ներկա էր նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Իր ելույթում նախագահը մասնավորապես ասել է, որ ընդհանուր տնտեսական տարածքի ձևավորումն ու զարգացումն արդեն երկրորդ տարին է, ինչ տեղի է ունենում համաշխարհային բարդ տնտեսական իրավիճակի պայմաններում՝ արտահայտված համաշխարհային տնտեսական աճի տեմպերի նվազման և աշխարհաքաղաքական ցնցումների պայմաններում: Նա նշել է, որ այդ ամենը մի կողմից ստեղծում է որոշակի խոչընդոտներ Միության լիարժեք կայացման ճանապարհին, մյուս կողմից՝ բացում նոր հնարավորություններ երկրների առավել սերտ համագործակցության համար:

«Այս պայմաններում մեր երկրների կողմից ձեռնարկված համաձայնեցված գործողությունները թույլ տվեցին անդամ պետություններում որոշակի առումով կայունացնել իրավիճակը, տնտեսության որոշ ոլորտների և ճյուղերի աջակցության շնորհիվ հասնել մակրոտնտեսական կայունության, ինչի շնորհիվ որոշ երկրներում նկատվեց արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրության աճի միտում: Մասնավորապես, 2016 թվականին Հայաստանում արձանագրվել է համախառն ներքին արդյունքի ծավալում դրական դինամիկա, տնտեսական ակտիվության աշխուժացում արտադրական, գյուղատնտեսական և ծառայությունների մատուցման ոլորտներում: ԵՏՄ պետությունների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունն աճել է ավելի քան 15%-ով, իսկ հայկական ապրանքների արտահանումը եվրասիական շուկա՝ 65%-ով: Արձանագրվել է ապրանքաշրջանառության աճ նաև երրորդ երկրների հետ»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նա հավելել է, որ ԵՏՄ երկրներն ունեն զարգացման միանման նպատակներ, որոնց իրականացումը տեսնելի է արդյունաբերական նորարարությունների, բարձր տեխնոլոգիական գյուղատնտեսության, թվային տնտեսության, վերականգնվող էներգետիկայի միջոցով: Կարևոր են նաև համատեղ ջանքերը՝ ուղղված փոխշահավետ համագործակցային ծրագրերի իրագործմանը:

«Մենք ունենք երկու կարևոր նպատակ. առաջինը՝ Միության ամրապնդումը ներսից, խոչընդոտների վերացման ճանապարհով մեր ընդհանուր տնտեսական տարածքի հետագա ազատականացումը, ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի համար բացառությունների և սահմանափակումների նվազեցումը, երկրորդը՝ ԵՏՄ-ի միջազգային ներգրավվածության բարձրացումը: Այս երկու նպատակները փոխլրացնում են միմյանց և ազդում կազմակերպության արդյունավետության ու միջազգային հեղինակության վրա»,- ասել է նա:

Նախագահը նշել է, որ ինտեգրացիոն միության միջազգային դիրքերի հետագա ամրապնդման տեսանկյունից կարևոր նշանակություն ունի ԵՏՄ համագործակցության առաջխաղացմանը՝ իրական համագործակցության պատրաստ երրորդ երկրների և առանցքային ինտեգրացիոն միավորումների հետ: Նա հավելել է, որ 2016 թվականի ընթացքում կառուցողական ոգով մշակվում էին Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի, Եգիպտոսի և մի շարք այլ երկրների հետ համագործակցության հարցերը: «Հայաստանը հետաքրքրված է այս ուղղություններով ձեռքբերված համապատասխան պայմանավորվածությունների իրավական ամրագրմամբ, մասնավորապես, Իրանի հետ, որի հետ մեզ կապում են պրագմատիկ, փոխշահավետ և բարիդրացիական հարաբերություններ»,- ասել է նա:

Այս տեսանկյունից նախագահը դրական է գնահատել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրոպական հանձնաժողովի միջև փոխգործակցության գործընթացը՝ որպես երկու միավորումների միջև երկխոսությանը նպաստող կարևոր գործոն:

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովից ակնկալում ենք Միության առջև ծառացած արդիական խնդիրների լուծման վերաբերյալ առաջարկություններ՝ իր լիազորությունների շրջանակներում: Կարևոր քայլ ենք համարում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից Միության երկրների պետական մարմինների հետ համագործակցությամբ, այսպես կոչված, «Սպիտակ գրքի» մշակումն ու հրատարակումը, որտեղ համաձայնեցված կերպով ներկայացված են Միության շուկայի համար առկա 60 խոչընդոտներ: Հուսով եմ, շուտով կհաստատվի նաև դրանց վերացման ճանապարհային քարտեզը՝ համապատասխան ժամկետներով»,-ասել է ՀՀ նախագահը:

Կանոնակարգի համաձայն խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերը վարել է Կազմակերպությունում նախագահող երկրի` Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Ատամբաևը: Օրակարգի մեկ տասնյակ հարցերի շարքում ԵԱՏՄ անդամ պետությունների նախագահներին ներկայացվել է 2015-2016 թվականներին Եվրասիական տնտեսական միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունների իրականացման վերաբերյալ զեկույցը, քննարկվել են 2017-2018 թվականներին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղենիշների, Բարձրագույն խորհրդին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամների թեկնածուների ներկայացման, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային կանոնակարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ փաստաթղթերը:

Անդրադարձ է եղել նաև մի կողմից՝ Եվրասիական տնտեսական միության ու միության անդամ պետությունների, մյուս կողմից՝ Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանը միտված՝ մշակման փուլում գտնվող ժամանակավոր համաձայնագրի նախագծին:

Նախագահները որոշել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստն անցկացնել հոկտեմբերի 11-ին, Մոսկվայում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---