Time-ը «Խոստումը» ֆիլմում ընդգծել է պատմական փաստերը

Time-ը «Խոստումը» ֆիլմում ընդգծել է պատմական փաստերը

PanARMENIAN.Net - Ամերիկյան Time ամսագիրն անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմին՝ ընդգծելով ֆիլմի հիմքում ընկած պատմական իրողությունները:

Պարբերականը նշել է, որ ֆիլմի ցուցադրությունը համընկնում է ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա հետ:

«1915-ի հենց այդ օրը հարյուր հազարավոր հայ մտավորականներ ձերբակալվեցին Օսմանյան կայսրության կողմից, որը համարվում է Հայոց ցեղասպանության սկիզբը...Ցեղասպանություն տերմինը դեռևս մնում է վիճահարույց դեպքերից ավելի քան մեկ դար անց», ասվում է հոդվածում, հայտնում է Արցախպրեսը:

Հոդվածում նշվում է, որ Առաջին համաշխարհայինի տարիներին Օսմանյան կայսրության իշխող կուսակցությունը Թուրքիայում ապրող ամենամեծ քրիստոնյա փոքրամասնությանը՝ հայերին բնաջնջելու ծրագիր է մշակել, որի արդյունքում հայերի ունեցվածքը բռնագրավվեց, ժողովրդին ենթարկեցին տեղահանությունների դեպի Սիրիական անապատ, որի ընթացքում շատերը մահացան:

«1914-ին Օսմանյան կայսրությունում ապրում էր մոտ 2.1 միլիոն հայ, իսկ մինչև 1922թ-ը մոտ 387,800 հայ մնաց երկրում», - ասված է հոդվածում:

Աղբյուրը նշում է, որ հայերը ավելի քան մեկ դար պայքարում են, որպեսզի Թուրքիայի և աշխարհի մյուս երկրների իշխանությունները Օսմանյան կայսրության կողմից հայերի կոտորածները որակեն որպես Ցեղասպանություն:

Նայև հիշեցվում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դրժել է իր նախընտրական խոստումը և Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան նվիրված իր ելույթում չօգտագործեց «Ցեղասպանություն» եզրույթը: «Ըստ Հայկական ազգային ինստիտուտի տվյալների՝ առնվազն 26 երկիր ճանաչել է Հայոց ցեղասպանությունը»,-հավելում է հեղինակը:

«Խոստումը» Ֆիլմը ներկայացնում է սիրո պատմություն, որը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության օրերին: Tracinda կորպորացիան, որը պատկանում էր ամերիկահայ Քըրք Քըրքորյանին, ստեղծել էր Survival Pictures անվանումով պրոդյուսերական կենտրոն, որի առաջին ձեռնարկը հենց այս ֆիլմն է եղել:«Խոստումի» պրեմիերան կայանալու է ապրիլի 21-ին` Ցեղասպանության 102-րդ տարելիցից առաջ։ Ֆիլմի հայաստանյան պրեմիերան կլինի ապրիլի 27-ին:

Ֆիլմին իրենց աջակցությունն են հայտնել Էլթոն Ջոնը, Լեոնարդո դի Կապրիոն, Սիլվեստր Ստալոնեն, Դոն Չիդլը, Ռայան Գոսլինգը, Ջեյսոն Բեյթմանը, Օրլանդո Բլումը, Ջորջ Քլունին, Շերը, Ալեքսիս Օհանյանը, Նինա Դոբրևը, Քիմ Քարդաշյանը, Յուրա Մովսիսյանը:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---