1 նոյեմբերի 2007 - 13:50 AMT
Թուրքիան այլեւս չի՞ ձգտում ԵՄ
Վերջերս նկատվում է Եվրամիության անդմակացության ուղղությամբ Թուրքիայի կողմից ձեռնարկվող դիվանագիտական քայլերի նվազում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, դոկտոր Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, Թուրքիան ձգտում է գերակայող դեր ստանձնել Մերձավոր Արեւելքում, ոչ թե Եվրոպայում: «Այդ հարցում մեծ դեր է կատարում նաեւ Եվրոպայի առաջատար երկրների դիրքորոշումը, մասնավորապես, Ֆրանսիայի, որն անընդունելի է համարում Թուրքիայի ներկայությունն ԵՄ-ում: Եվ բուն Թուրքիայում եւս սկսել են ավելի քիչ խոսել զարգացման եվրոպական ուղու մասին»,-նշել է Սաֆրաստյանը:

Հիշեցնենք, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին բանակցությունները մեկնարկել են 2005 թվականի հոկտեմբերին, սակայն հայտը ներկայացվել է դեռեւս 1965 թվականին: Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերություններում փորձաքար կարող է դառնալ Կիպրոսի հարցի կարգավորումը: Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին բազմիցս է հայտարարել, որ «Թուրքիայի տեղը Եվրոպայում չէ»: Նրան համակարծիք է նաեւ Եվրահանձնաժողովի նախագահ Մանուել Բարոզուն: