6 նոյեմբերի 2007 - 15:00 AMT
Թերի Դեւիս. Եվրոպայի խորհուրդըՂարաբաղի խնդրի նկատմամբ պասիվ դիտորդի դեր չի ստանձնել
Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյան երեկ ընդունել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թերի Դեւիսին, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Վարչապետը ողջունել է ԵԽ Գլխավոր քարտուղարի այցը մեր երկիր, ընդգծելով, որ Հայաստանի համար չափազանց կարեւոր է ԵԽ շրջանակներում համագործակցությունը: Թերի Դեւիսն ուրախությամբ է նշել, որ այցի ընթացքում հնարավորություն է ունեցել նաեւ որոշ չափով ծանոթանալու Հայաստանի պատմամշակութային արժեքներին` այցելել է Մատենադարան, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, Հաղպատ:

Զրույցի ընթացքում ՀՀ վարչապետը եւ ԵԽ Գլխավոր քարտուղարն անդրադարձել են Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին, այդ ճանապարհին արձանագրված առաջընթաց համարելով ս.թ. մայիսի 12-ին կայացած խորհրդարանական ընտրությունները, որոնք, կողմերի հավաստմամբ, առաջիկա նախագահական ընտրությունների համար լավ հիմք են: Նրանք համակարծիք են եղել, որ անհրաժեշտ է ամեն ինչ անել, որպեսզի նախագահական ընտրությունները ոչ միայն որեւէ ձեւով չզիջեն անցած խորհրդարանական ընտրություններին, այլեւ մեկ քայլ առաջ լինեն նախորդից:

Հանդիպման ընթացքում կարեւորվել են տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման ուղղությամբ իրականացվող ջանքերը: Այդ համատեքստում անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Թերի Դեւիսը նշել է, որ Եվրոպայի խորհուրդը ԵԱՀԿ շրջանակներում գտնվող այս խնդրի նկատմամբ պասիվ դիտորդի դեր չի ստանձնել եւ փորձում է հնարավորինս օժանդակել հակամարտող կողմերի միջեւ վստահության ստեղծմանը: Ողջունելով ցանկացած այդպիսի քայլ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը միաժամանակ նշել է, թե պետք է բացառել հակամարտության կարգավորմամբ շահագրգիռ կազմակերպությունների կամ անհատների կողմից կարգավորման փուլում ցանկացած կանխակալ հայտարարություն եւ մոտեցում, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի կամ հակամարտող կողմերի վրա ճնշման միջոց կարող է դառնալ:

Հանդիպման ավարտին նաեւ երկուստեք համոզվածություն է հայտնվել, որ շահագրգիռ ու արդյունավետ փոխգործակցության շնորհիվ, Եվրախորհրդին անդամակցության շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունները ժամանակին եւ պատշաճ կկատարվեն: