Գործադիրը կաջակցի գերակա ոլորտներում գործող և ստեղծվող ընկերություններին

Գործադիրը կաջակցի գերակա ոլորտներում գործող և ստեղծվող ընկերություններին

PanARMENIAN.Net - Տնտեսության գերակա ոլորտներում աշխատող ձեռնարկություններին պետության կողմից սուբսիդավորման նոր քաղաքականություն կիրականացվի՝ կառավարությունը կաջակցի գերակա ոլորտներում աշխատող և ստեղծվող ձեռնարկություններին: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության հերթական նիստում:

«Ժամանակն է, որ կառավարությունը գերակա ոլորտներում աշխատող և նոր ստեղծվող ձեռնարկություններին ցուցաբերի գործուն աջակցություն: Մասնավորապես, այդ ոլորտներում առաջարկում ենք մեկնարկել պետության կողմից ձեռնարկություններին բանկերից տրամադրվող կոմերցիոն վարկերի որոշակի բանկային տոկոսների սուբսիդավորման նոր քաղաքականությունը։ Նման քաղաքականությունը միտված է լինելու մեր կողմից գերակա ուղղություններ հայտարարված՝ տնտեսության արդյունավետության և մրցունակության բարձրացմանը, հավելյալ արժեք ստեղծողների աջակցմանն ու ամենակարևորը՝ նոր և կայուն աշխատատեղերի ստեղծմանը»,-ասել է վարչապետը:

Հաշվի առնելով այդ ամենը՝ վարչապետը հանձնարարել է 2-շաբաթյա ժամկետումտնտեսական զարգացման և ներդրումների, Ֆինանսների և գյուղատնտեսության նախարարներին Կենտրոնական և կոմերցիոն բանկերի հետ համատեղ քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել նախատեսվող աջակցության տրամադրման (սուբսիդավորման) հստակ գործիքակազմ ըստ գերակա ոլորտների։

«Կարծում եմ՝ կարևոր գործընթաց ենք սկսում: Մենք արդեն անցկացնում ենք նման քննարկումներ գյուղատնտեսության ոլորտում՝ կաթիլային, ինտենսիվ այգիներ, գյուղտեխնիկայի լիզինգային սպասարկում, թեթև արդյունաբերության և այլ ոլորտներ: Եթե տնտեսվարողը վարկը վերցնում է այն ուղղությունների համար, որոնք մենք համարում ենք հեռանկարային, գերակա, ապա մենք մեկնարկային փուլում կսուբսիդավորենք այն»,-ասել է Կարապետյանը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Նշվել է, որ բացի գործիքակազմը ներկայացնելուց, պետք է տարվա ընթացքում կանխատեսումներ անել, որպեսզի 2018-ի բյուջեում համապատասխան միջոցներ նախատեսվեն: Կարեն Կարապետյանը հավելել է, որ բյուջե նախատեսելու պարագայում գերատեսչությունները ներկայացնում են դրա արդյունավետությունը՝ աշխատատեղեր, հավելյալ արժեք և այլն:

2017-ի ապրիլին վարչապետը հանձնարարել է հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին մեկամսյա ժամկետում Կառավարության աշխատակազմ ներկայացնել ոլորտային զարգացման 5 տարվա ծրագիր՝ մանրամասնելով առաջիկա տարվա հիմնական ուղղությունները, միջոցառումները և գերակա խնդիրները:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---