Կարո Փայլանին մտադիր են զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից

Կարո Փայլանին մտադիր են զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից

PanARMENIAN.Net - Թուրքիայում պահանջում են հայազգի պատգամավոր Կարո Փայլանին զրկել անձեռնմխելիությունից: Թուրքիայի դատական մարմինների կողմից պահանջ է ներկայացվել՝ դադարեցնելու ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) և «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունների (ԺԴԿ-HDP) մի շարք պատգամավորների անձեռնմխելիությունը:

Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի կայք15ի տեղեկացմամբ՝ մայիսի 17-ին խորհրդարան է ներկայացվել նշյալ կուսակցություններին անդամակցող 10 պատգամավորի մասին համապատասխան պահանջագիրը: Աղբյուրը չի հստակեցնում, թե որ մարմնի կողմից է ուղարկվել փաստաթուղթը, գրում է Ermenihaber-ը:

Վերոնշյալ պատգամավորների թվում են նաև ԺԴԿ-ից մեջլիսի պատգամավորներ Մերալ Դանըշ Բեշթաշը, Մահմութ Թողրուլը, Ֆերհաթ Էնջյուն, Այշե Աջար Բաշարանը, ԺՀԿ-ի պատգամավորներ Օզգյուր Օզելը, Էլիֆ Դողան Թյուրքմենը, Բարըշ Յարքադաշը:

Նախորդ շաբաթ մեջլիս էր ներկայացվել վերոնշյալ կուսակցությունների ևս 51 պատգամավորի անձեռնմխելիության դադարեցման պահանջ:

Թուրքիայի մեջլիսի պատգամավորների անձեռնմխելիության դադարեցումը նախատեսող օրենսդրական փոփոխությունը թուրքական խորհրդարանի օրակարգ էր բերվել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջարկով: Կատարված քվեարկության արդյունքում առաջարկը ընդունվել էր 376 կողմ, 140 դեմ և 5 ձեռնպահ քվեով:

Օրենքի այս փոփոխությունը Թուրքիայի պաշտոնաթերթում (Resmi Gazete) հրապարկվել և ուժի մեջ է մտել 2016թ. հունիսի 8-ին: Դրանով իսկ հնարավորություն է ստեղծվել դատական գործընթաց հարուցելու մեջլիսի 152 պատգամավորի դեմ:

Թուրքիայում անազատության մեջ է գտնվում 10 պատգամավոր, որոնց թվում՝ քրդամետ ընդդիամադիր ԺԴԿ կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, Միաժամանակ, հայտնի է, որ կալանավորված Ֆիգեն Յուքսեքդաղի և Դիարբեքիրից պատգամավոր Նուրսել Այդողանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---