Ավագանու ընտրություններում խախտումների դեպքով 7 քրգործ է հարուցվել

Ավագանու ընտրություններում խախտումների դեպքով 7 քրգործ է հարուցվել

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում արձանագրված ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի բազմաթիվ հրապարակումների մշտադիտարկման արդյունքում ՀՀ գլխավոր դատախազությունում ձևավորված աշխատանքային խումբն առանձնացրել է առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող 81 հրապարակում:

Բացի հիշատակված հրապարակումներից, ստուգման առարկա են դարձել նաև ՀՀ ոստիկանությունում ստացված նույն բնույթի 39 ահազանգերը:

Նշված բոլոր հաղորդումներն ուղարկվել են ՀՀ ոստիկանության, ՀՀ քննչական կոմիտեի տարածքային բաժիններ և ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ օրենքով սահմանված կարգով պատշաճ ստուգելու հանձնարարությամբ:

Մայիսի 20-ի դրությամբ հարուցվել է 7 քրեական գործ՝1-ը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (լրագրողի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը և ընտրակաշառք տալը):

3-ը՝ միայն ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի հատկանիշներով (քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, լրագրողի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը):

1-ը միայն ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ընտրակաշառք տալը). 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի և 309-ր հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ընտրակաշառք տալը և պաշտոնեական լիազորություններն անցնելը):

1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիք):

Ձեռնարկված օրենքով նախատեսված միջոցների արդյունքում նշված ընդհանուր 120 հաղորդումից մայիսի 20-ի դրությամբ 8-ը միացվել են նույն փաստի առթիվ ՀՀ ոստիկանության տարածքային բաժիններում ստացված ահազանգերի հիման վրա նախապատրաստվող նյութերին, 89-ով դրանցում նշված հանգամանքներն արդեն իսկ հերքվել են, քրեական գործ հարուցելու հիմքեր ձեռք չեն բերվել:

Մնացած 16 դեպքով քննչական, դատավարական գործողությունները, օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են:

Վարույթ իրականացնող մարմիններին հանձնարարվել է ձեռնարկել անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նշված հաղորդումների իրական հանգամանքները պարզելու, սեղմ ժամկետում իրավական գնահատական տալու նպատակով:

Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքների համաձայն, ընտրություններին մասնակցած ուժերից ԵԼՔ-ը ստացել է 21%, «Երկիր ծիրանին»՝ 7,75%, ՀՀԿ-ն՝ 71.25%: Վերջնական արդյունքները կամփոփվեն քվեարկության 7-րդ օրը:

Կարդացեք նաև՝ Փոստանջյանը պահանջում է քրգործ հարուցել. Իր և դստեր նկատմամբ բռնություն է գործադրվել

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---