«Սասնա ծռերի» պաշտպաններ. Դատարանի դահլիճում պայմաններ չկան 14 անձի գործ քննելու համար

«Սասնա ծռերի» պաշտպաններ.  Դատարանի դահլիճում պայմաններ չկան 14 անձի գործ քննելու համար

PanARMENIAN.Net - «Սասնա ծռերի» գործի առանձնացված մասով ամբաստանյալների պաշտպանները հանդես են եկել դատավարության պայմաններիվերաբերյալ համատեղ հայատարարությամբ:

Պաշտպանները հիշեցրել են, որ հունիսի 8-ին ժամը 14:00-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում նախագահությամբ դատավոր Ա. Գաբրիելյանի սկսվեց 14 անձի վերաբերյալ գործի դատական քննությունը, իսկ դատական նիստը սկսվելուց րոպեներ անց հետաձգվեց (ըստ նախագահող դատավորի՝ ընդմիջվեց), ենթադրաբար աղմուկի պատճառով:

«Անկախ նիստի հետաձգման պաշտոնական հայտարարված պատճառներից գտնում ենք, որ այն ի սկզբանե դատապարտված էր հետաձգման: Ակնհայտ և պարզ էր, որ դատարանի թիվ 1 դահլիճում հնարավոր չէր այդ նիստն անցկացնել: Դահլիճում բացակայում են ամենատարրական պայմանները 14 անձանց վերաբերյալ գործ քննելու համար:

Այս պարզ իրողությունը անտեսվել է դատարանի կողմից, ինչն իրավաչափորեն և արդարացիորեն հանգեցրեց բազմաթիվ դժգոհությունների և այսպես կոչված աղմուկի: Փաստացի արհեստականորեն ստեղծվել էին այնպիսի պայմաններ, որ դժգոհություն («աղմուկ») առաջանա և նիստը հետաձգվի»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող և դատական ակտ կայացնող դատարանը պարտավոր էր կատարել իր պարտականությունները՝ ստեղծել դատական քննության անցկացման պատշաճ պայմաններ, ինչը չէր կատարվել: Հետևաբար անթույլատրելի է նիստի հետաձգումը պատճառաբանել «աղմուկով», ինչը դատարանի պարտականությունների չկատարման և անշրջահայացության հետևանք էր:

«Հայտարարում ենք, որ դատարանը պարտավոր է ապահովել պատշաճ պայմաններ դատական նիստերը օրենքով սահմանված կարգով անցկացնելու համար, ներառյալ՝ ապահովել աշխատանքային պայմաններ պաշտպաններիս համար, հրապարակային դատաքննության ստանդարտներ՝ հաշվի առնելով գործի հանրային հնչեղությունը, պաշտպաններիս և մեր պաշտպանյալների դահլիճում անարգել և առանց որևէ սահմանափակման հաղորդակցում, պաշտպաններիս (փաստաբաններիս) զննության կամ խուզարկության բացառում:

Դատարանի կողմից համապատասխան միջոցներ չձեռնարկելը կվկայի, որ գործի քննության ցանկացած բնույթի հետաձգումը, դատարանում «աղմուկը» կամ այլ՝ ոչ դատավարական իրավիճակի ստեղծման ամբողջ պատասխանատվությունը կմնա դատարանի վրա», ասվում է հայտարարության մեջ, որը ստորագրել են փաստաբաններ Մուշեղ Շուշանյանը, Տիգրան Եգորյանը, Տիգրան Հայրապետյանը, Երվանդ Վարոսյանը, Լուսինե Սահակյանը, Ինեսսա Պետրոսյանը, Լուսինե Հակոբյանը, Հարություն Բաղդասարյանը, Դավիթ Գյուրջիյանը, Մարինե Ֆարմանյանը, Հայկ Ալումյանը, Արա Ղարագյոզյանը, Հարություն Գևորգյանը, Արա Զաքարյանը, Արայիկ Պապիկյանը:

Հունիս 8-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռերի» գործով դատավարությունը տեղափոխվել է:Նիստի սկզբում դատավորը զգուշացրել էր, որ նիստը կսկվի դահլիճում լռության պահպանման դեպքում: Լռությունը խախտվում էր, ու դատավորը որոշեց հետաձգել այն: Դատական նոր նիստը նշանակվել է հունիսի 21-ին: Պաշտպանները նիստի հետաձգումը հիմնավորված չհամարեցին:

Ընթերցեք նաև. «Սասնա ծռերի» գործով առաջին դատական նիստը սկսվել է, բայց չի կայացել

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---