Մեծ քանակությամբ ծանր և վտանգավոր մետաղներ՝ Կավարտ գետում

Մեծ քանակությամբ ծանր և վտանգավոր մետաղներ՝ Կավարտ գետում

PanARMENIAN.Net - Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը ներկայացնում է Կավարտի լքված հանքավայրի թթվային դրենաժի պատկերը։

Դեռ 2015-ին ՀԲՃ-ն ահազանգել էր, որ Կավարտի լքված հանքավայրն աղտոտում է բնական միջավայրը՝ վտանգելով նաև Կապան քաղաքի և հարակից այլ բնակավայրերի մարդկանց առողջությունը։

«Չնայած մեր հորդորներին, պետական լիազոր մարմիններն այդպես էլ ոչ մի քայլ չձեռնարկեցին և նույնիսկ չցանկացան պարզել Կավարտ վտակով դեպի Ողջի գետ հոսող դեղնակարմրավուն ջրերի ջրաքիմիական կազմը։ Իսկ Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանն էլ պնդեց, որ իրենց ոչինչ հայտնի չէ Կավարտի նշված տարածքի վնասակար լինելու մասին, և ինքը ոչ մի խնդիր չի տեսնում:

Իրական պատկերը հասկանալու ու որոշ հարցերի պատասխանները ստանալու նպատակով, մենք 2017 թվականի մայիսի 21-ին ջրի նմուշառում կատարեցինք Կավարտ գետից՝ լքված բացահանքից 970 մետր ներքև ընկած հատվածում։ Ջրի նմուշը տեղափոխվեց Երևան և հանձնվեց տարրալուծման ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի կենտրոնական անալիտիկ փորձարկման լաբորատորիայում

Ջրի փորձանմուշի փորձաքննության արդյունքներն հաստատել են մեր ամենավատ կանխատեսումները։ Դրանց համաձայն ջրի թթվայնությունը՝ pH-ը (ջրի ջրածնային ցուցիչը), բնութագրական չեզոք միջավայրից՝ այսինքն նորմայից, որը 7 է, անցել է խիստ թթվային միջավայր ու կազմել 3,22։ Դա էլ իր հերթին առաջ է բերել ջրում ծանր և վտանգավոր մետաղների ու որոշ իոնների կոնցենտրացիաների ահռելի մեծացում», - ասված է ՀԲՃ-ի հաղորդագրությունում:

Այսպես․ տարրալուծված 10 ծանր մետաղներից 6-ի կոնցենտրացիաները տասնյակ և հարյուրավոր անգամ գերազանցել են «Կախված տեղանքի առանձնահատկություններից՝ յուրաքանչյուր ջրավազանային կառավարման տարածքի ջրի որակի ապահովման նորմերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 27-ի որոշմամբ Ողջի գետի գետավազանի գետերի ջրերի համար սահմանված 2-րդ կարգի որակի «լավ» դասի էկոլոգիական նորմերը։

Որոշվել է նաև ջրի կոշտությունը (Ca+Mg աղեր), որը կազմել է 56,48 մգէկվ/լ՝ ինչը 5,6 անգամ բարձր է նորմայից։ Բոլոր ցուցանիշները մի քանի տասնյակից մինչև հարյուրավոր անգամ գերազանցում են նաև ՀՀ կառավարության վերոնշյալ որոշումով սահմանված 5-րդ որակի «վատ» դասի էկոլոգիական նորմերը։ Իսկ 5-րդ՝ «վատ» դասը, ջրերի աղտոտվածության ամենաբարձր դասն է, և նման որակի ջուրն արգելվում է օգտագործել ոռոգման նպատակներով։

Կավարտի հանքավայրն այնքան էլ մեծ չէ և գրավում է մոտ 10 հեկտար տարածք։ Իսկ Հայաստանում շահագործվում են մետաղական հանքավայրեր, որոնցից յուրաքանչյուրի հանքախորշերի, դատարկ ապարների լցակույտների և պոչամբարների մակերեսները կազմում են հարյուրավոր հեկտարներ։ Ակնհայտ է, որ դրանց առկայության հետևանքով առաջացող աղտոտման ծավալները տասնյակ ու հարյուրավոր անգամ ավելի շատ կլինեն, քան Կավարտի հանքի աղտոտման ծավալներն են։

Թթվային դրենաժի չափազանց լուրջ վտանգ է իր մեջ պարունակում նաև շահագործման նախապատրաստվող Ամուլսարի բարձր սուլֆիդային ոսկու հանքավայրը, որի ապարներում կա թթվագոյացման մեծ ներուժ և հսկայական քանակության ծանր, վտանգավոր և ռադիոակտիվ մետաղներ (կապար, մկնդեղ (արսեն), քրոմ, ծծումբ, ծարիր, սելեն, թելուր, կադմիում, մանգան, մոլիբդեն, պղինձ, երկաթ, ուրան, թորիում, նիկել, ցինկ, վանադիում, ցիրկոն, ստրոնցիում, բարիում, բիսմութ, բոր, սնդիկ):

Սակայն ՀՀ կառավարությունը, չգիտես ինչու, առանց լրջագույն մասնագիտական անկախ գնահատում և վտանգների մոդելավորում իրականացնելու, թույլատրել է այս ծրագրի իրականացումը», - նշում են ՀԲՃ-ում:

Հանքերի թթվային ապարների դրենաժը լրջագույն և անկառավարելի էկոլոգիական խնդիր է, որն անխուսափելիորեն առաջանում է բոլոր սուլֆիդային մետաղական հանքավայրերի շահագործման ընթացքում և կարող է շարունակվել հարյուրավոր տարիներ։ Այս խնդրի վերաբերյալ Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունն արդեն ներկայացրել էր մի ընդհանրական վերլուծություն։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---