Արաբական երկրները Կատարին են ներկայացրել հաշտեցման պայմանները

Արաբական երկրները Կատարին են ներկայացրել հաշտեցման պայմանները

PanARMENIAN.Net - Արաբական երկրները Կատարի իշխանություններին են ներկայացրել դիվանագիտական հարաբերությունների վերականգնման համար անհրաժեշտ պայմանների ցուցակը: Ըստ ԶԼՄ-ների տվյալների Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, ԱՄԷ-ն և Բահրեյնը պահանջում են Դոհայից խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ, փակել թուրքական ռազմակայանն ու արբանյակային Ալ Ջազիրա հեռուստաալիքը:

Պարսից ծոցի երկրների Համագործակցության խորհրդից Կատարի շրջափակմանը չեն միացել միայն Օմանն ու Քուվեյթը:

Պայմանների ցանկը Դոհային է փոխանցվել Քուվեյթի միջնորդությամբ: Արաբական երկրները պնդում են նաև, որ Կատարն այլևս քաղաքացիություն չտրամադրի և արտահանձնի այն անձանց, որոնց Էր Ռիադը, Աբու Դաբին և Մանաման որոնում են ահաբեկչության մեղադրանքով:

Բացի այդ, Կատարը պետք է փոխհատուցում վճարի, որի չափը չի նշվում: Բոլոր պայմանները կատարելու համար Կատարին 10 օր է տրվում:

Մինչդեռ Կատարի ղեկավար Մուհամմադ բեն Աբդուրահման ալ Թանին ասել է, որ արաբական երկրները Կատարին մեղադրելով այլոց գործերին միջամտելու մեջ, իրենք են անում նույնը՝ միջամտելով Կատարի ներքին գործերին: Նա հավելել է, որ երկխոսությունը հնարավոր կլինի միայն Կատարի ապաշրջափակումից հետո, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Արաբական մի շարք պետություններ՝ Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսն ու ԱՄԷ-ն, խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ: Ավելի ուշ նրանց միացան Եմենը, Լիբիան, Մալդիվները: Կատարի և հարևան երկրների միջև տարաձայնություններ առաջացան Պարսից ծոցի երկրների և ԱՄՆ գագաթնաժողովից հետո Էր Ռիադում, երբ Կատարի լրատվական գործակալությունը երկրի էմիրի անունից ելույթ հրապարակեց Իրանի հետ հարաբերություններ հաստատելու անհրաժեշտության մասին:Մինչդեռ հենց հանդիպման ժամանակ Սաուդյան իշխանությունները բոլոր հյուրերի անունից դատապարտեցին Թեհրանին վերջինիս «թշնամական քաղաքականության» համար և համարժեք քայլերով սպառնացին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---