Վթարված ավտոմեքենայում եղել է 18 զինծառայող․ Վիգեն Սարգսյանն անդրադարձել է Գեղարքունիքի դեպքին

Վթարված ավտոմեքենայում եղել է 18 զինծառայող․ Վիգեն Սարգսյանն անդրադարձել է Գեղարքունիքի դեպքին

PanARMENIAN.Net - Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին հունիսի 24-ին վթարված ՊՆ «ԳԱԶ 66» ավտոմեքենայում եղել է 18 զինծառայող, իսկ ուղևորափոխադրման համար այդ մեքենայի թույլատրելի քանակը 20 է։ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հունիսի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ մեքենան ըստ իր նորմատիվների շահագործման ենթակա է մինչև 30 տարի ժամկետով, այսինքն եղել է շահագործման ժամկետի մեջ։

«Մենք այս տարի խոշոր ծրագիր ենք իրականացրել բանակի ավտոպարկի, նաև՝ ուղևորափոխադրող ավտոպարկի զգալի թարմացման համար։ Ձեռք են բերվել այն քանակի մեքենաներ, որ երևի թե, բանակը վերջին տասնամյակների ընթացքում այդքան մեքենա ձեռք չէր բերել։ Առաջին հերթին դրանցով հագեցվում են առաջնագծի և առավել կարևոր մարտական խնդիր իրականացնող զորամասերը։ Ավտոտրասպորտային փոխադրումները բանակում խիստ կարևոր են, և մեր բոլոր ծառայությունները հետևողական են լինելու յուրաքանչյուր ավտոփոխադրման անվտանգության ապահովման գործում»,- ասաց նախարարը։

Իհարկե, ըստ Սարգսյանի, ցանկացած ավտոտրանսպորտ տեղաշարժվելիս ունի նաև վթարման որոշակի վտանգ։ Որքան շատ են տեղափոխումները, այնքան մեծ է վտանգը։ Եւ եթե քաղաքացիականի պարագայում դրանք ամենօրյա միջադեպեր են, ապա բանակի պարագայում երբեմն տեղի ունեցող վթարներ են։

«Խնդիրն ամեն անգամ պարզելն է, թե որն է պատճառը, եթե կա մեղավոր, այդ մեղավորին պատժելը։ Մենք հետևողական ենք այս հարցում ու որևէ թաքցնելու բան, իհարկե, չունենք։ Ուրախ եմ, որ այժմ մեր բոլոր զինծառայողների առողջական վիճակը բավարար է, մեկ զինծառայողի վիճակն էր միջինից մի փոքր ծանր, կյանքին որևէ վտանգ չի սպառնում։ Այսօր բանակն ունի լավագույն ռազմաբժշկական ծառայությունն այն առումով, որ մեր բժիշկների մասնագիտական որակը հանրապետությունում լավագույնների թվում է, հատկապես, երբ խոսքը վերաբերում է հրատապ վիրաբուժությանը, վերակենդանացման բաժանմունքների աշխատանքին։ Բազմաթիվ այնպիսի դեպքեր, որոնք, կարծես, կյանքի ուղիղ սպառնալիք էին, նրանց աշխատանքի շնորհիվ հնարավոր է եղել փրկել զինծառայողների կյանքը, վերականգնել առողջությունը։ Դեռ շատ բան ունենք այդ ուղղությամբ անելու, քանի որ, թեև բժիշկների մասնագիտական որակը բարձր է, սակայն ընդհանուր բժշկական ծառայությունների կազմակերպումը դեռ բազմաթիվ բացեր ունի ընդհանուր վարչարարության, գերժամանակակից տեխնոլոգիաների ներդրման առումով և այլն։ Այստեղ ևս ունենք գաղափարներ, որոնք առաջիկայում փորձելու ենք կյանքի կոչել»,- եզրափակեց նախարարը։

Հունիսի 24-ի առավատյան Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին ՊՆ «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 6 մետր սահել մոտակա ձորակը: Ավտովթարի հետևանքով 14 պայմանագրային զինծառայող է հոսպիտալացվել:

ԶԼՄ-ների տվյալներով՝ ավտոբուսում 30 պայմանագրային զինծառայող էր եղել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---