Հայ վարորդները չեն կարողանում աշխատել ՌԴ-ում. ՀՀ վարորդական իրավունքի վկայականում «սխալ կա»

Հայ վարորդները չեն կարողանում աշխատել ՌԴ-ում. ՀՀ վարորդական իրավունքի վկայականում «սխալ կա»

PanARMENIAN.Net - Հունիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ մտած Տրանսպորտային միջոցներ վարելու թույլտվության մասին նոր օրենքի հետևանքով ՌԴ-ում աշխատող հայաստանցի վարորդների մեծ մասը կորցրել է աշխատանքը: Գյումրեցի Կարապետ Մկրտչյանը 9 տարի Մոսկվայում միկրոավտոբուս է վարել, սակայն ստիպված է եղել վերադառնալ Հայաստան:

Մկրտչյանն ասում է, որ Հայաստանում տրված վարորդական իրավունքի վկայականում թույլ տրված մի բացթողման հետևանքով հայ վարորդները չեն կարող նաև քննություն հանձնել ու ռուսաստանյան վարորդական իրավունք ձեռք բերել, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ռուսաստանում Մկրտչյանին ասել են՝ ըստ Վիեննայի կոնվենցիայի, վկայականում ցանկացած գրառում պետք է նաև լատինատառ լինի, մինչդեռ հայկական վարորդական իրավունքի վկայականում անձի հայրանվան դաշտում գրառումը միայն հայերեն է, որոշ դեպքերում նաև ռուսերեն թարգմանությամբ: Լատինատառ գրառման բացակայությունը հայաստանցի վարորդներին կանգնեցրել է փաստի առաջ: «Ռուսաստանում վարորդական իրավունք են տալիս միայն ազգային վկայականի հիման վրա, բայց լատինատառ գրառման բացակայության պատճառով մեր վկայականի հիման վրա Ռուսաստանում մեզ վկայական չեն տալիս»,-ասում է Գյումրեցի վարորդը:

Նրա համար անհասկանալի է՝ ինչո՞ւ են հայկական վկայականում տեղ հատկացրել հայրանվան համար, որը լրացնելը պարտադիր էլ չէ, «ու դեռ մի բան էլ լատինատառ չեն լրացրել»՝ արհեստական դժվարություններ ստեղծելով հայաստանցի վարորդների համար:

Կարապետ Մկրտչյանն այժմ փորձելում է քայլեր ձեռնարկել, որ հայկական վարորդական վկայականներում տեղ գտած այդ սխալն ուղղվի: Նա դիմել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանին՝ խնդրելով պարզել, թե ինչու է հայկական վկայականներում խախտված Վիեննայի կոնվենցիայի պահանջը:

Հունիսի 1-ից Ռուսաստանում որպես վարորդ աշխատող ներգաղթյալները, որոնք չունեն ՌԴ վարորդական իրավունք, չեն կարողանա շարունակել աշխատանքը: Ուղղումներն ընդունվել են 2013-ին, սակայն մինչ օրս ուժի մեջ չէին մտել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---