ՊԵԿ-ը հորդորում է վճարել հարկերը. Ստուգումների նոր փուլ է սկսում

ՊԵԿ-ը հորդորում է վճարել հարկերը. Ստուգումների նոր փուլ է սկսում

PanARMENIAN.Net - Ստվերի գնահատմանն ուղղված անհատական վերլուծությունների արդյունքում ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն առանձնացրել է ռիսկային հարկ վճարողներին, որոնք առաջիկայում կլինեն ՊԵԿ-ի դիտակետում:

Կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի հանձնարարությամբ հանդիպումներ են սկսվել հարկային տեսչությունների բոլոր ծառայությունների հետ, որոնց նպատակն է ամփոփել հարկային ստվերի վերհանման և կրճատման ուղղությամբ առաջին կիսամյակի արդյունքներն, այդ թվում՝ նախանշելով այն գործողությունները, որոնք պետք է իրականացվեն առաջիկա 6 ամսվա ընթացքում:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, 100մլն և ավելի շրջանառություն ունեցող ռիսկային տնտեսվարողներին կոմիտեն հորդորում է վճարել հունվարի մեկից հուլիսի մեկն ընկած ժամանակահատվածում չվճարված հարկերը։

«Առաջարկելու ենք, որպեսզի հարկ վճարողները կամավոր ներկայացնեն ճշտված հաշվարկներ և վճարեն նախորդ 6 ամսվա ընթացքում չվճարված հարկերը: Հակառակ դեպքում, օրենսդրությամբ նախատեսված կարգով, կազմելու ենք համապատասխան հաշվարկներ՝ ներառելով նաև հարկերից խուսափելու համար նախատեսված տույժ-տուգանքները և ուղարկելու ենք իրավական գնահատական տալու, իսկ հիմքերի առկայության դեպքում՝ նաև քրեական գործեր հարուցելու»,-մատնանշել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը:

Մինչև 100 մլն շրջանառություն ունեցող ռիսկային հարկ վճարողների նկատմամբ ՊԵԿ-ի գործիքակազմն այլ է: Կարեն Բրուտյանի խոսքով՝ այս դեպքում կոմիտեն հետևելու է շուկաների օրինաչափություններին՝ հարկային իմաստով. «Օրինաչափություններից շեղվողներին առաջարկելու ենք նվազեցնել հարկային ռիսկերը, առաջարկներին չհետևելու դեպքում հսկողական գործիքների միջոցով ստիպելու ենք: Մեր գործողությունների հիմնական ուղերձն այն է, որ բոլորը պետք է վճարեն բոլոր հարկերը»:

Ի տարբերություն ռիսկային հարկ վճարողների՝ բարեխիղճ տնտեսվարողները մտահոգվելու առիթ չպետք է ունենան: Առաջիկա ամիսներին ՊԵԿ վարչարարության հիմքում նաև օրենսդրական սողանցքների՝ իրական հարկային պարտավորությունները նվազեցնելու հնարավորություն ընձեռող իրավական մեխանիզմների բացառումն է:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---