Չգնել անհայտ ծագման մսամթերք և չօգտվել ջրի պատահական աղբյուրներից. Ամառային հանգստի կանոնները

Չգնել անհայտ ծագման մսամթերք և չօգտվել ջրի պատահական աղբյուրներից. Ամառային հանգստի կանոնները

PanARMENIAN.Net - Բնության գրկում հանգստանալիս անհրաժեշտ է պաշտպանվել միջատներից, քանի որ դրանք կարող են վարակիչ հիվանդություններ տարածել։ Այս մասին հիշեցնում է առողջապահության նախարարությունը՝ խորհուրդ տալով բնության գրկում օգտագործել միջատներին վանող նյութեր և կրել բաց գույնի երկարաթև հագուստ։

Նախարարությունից հայտնում են, որ անցանկալի իրավիճակներից խուսափելու և հանգիստը լիարժեք վայելելու համար պետք է հետևել մի քանի պարզ կանոնի՝

. շուտ փչացող մթերքը տեղափոխել և պահել սառնարան-պայուսակներում

. չգնել անհայտ ծագման միս-մսամթերք և այլ շուտ փչացող մթերք` այն վայրերից, որոնք նախատեսված չեն առևտրի համար և չունեն համապատասխան ուղեկցող փաստաթուղթ

. խորհուրդ չի տրվում վերցնել կաթնամթերք, ապխտած մթերք, ձու և կրեմային հրուշակեղեն, քանի որ դրանք նպաստավոր միջավայր են հանդիսանում մանրէների բազմացման համար

. խմելու համար օգտագործել շշալցված ջուր

. կերակրատեսակների պատրաստման ժամանակ հում և պատրաստի մթերքի համար օգտագործել առանձին խոհարարական պարագաներ՝ դանակներ, ափսեներ, տախտակներ: Շատ կարևոր է հետևել, որպեսզի մսամթերքից և այլ հում մթերքից հոսող հեղուկը չաղտոտի պատրաստի սննդատեսակները (աղցաններ, միրգ և բանջարեղեն և այլն)

. սնունդը, մինչև ուտելը, ուտելու ժամանակ և հետո պետք է պաշտպանված լինի միջատներից, կրծողներից և այլ կենդանիներից, որոնք հիվանդածին մանրէների փոխանցողներ են: Սնունդը անպայման պահել լավ փակվող տարաներում կամ փաթեթավորել պոլիէթիլենային թաղանթներով կամ փայլաթիթեղով

. խորովածի համար օգտագործել պատրաստի փայտածուխ, սննդի համար՝ միանվագ օգտագործման ափսեներ և այլ պարագաներ

. սնունդը, խորովածը պատրաստել անմիջապես ուտելուց առաջ: Պետք է հիշել, որ մանղալի վրա պատրաստված միսը ոչ միշտ է դառնում անվտանգ օգտագործման համար: Միսը համարվում է եփված, եթե կտրելիս չի հոսում արյունային հեղուկ: Խորովածի մսի պատրաստման ժամանակ առատորեն օգտագործել համեմունքներ՝ կարմիր և սև պղպեղ, մանանեխ, քրքում, ուրց և այլն, քանի որ դրանք օժտված են ախտահանող հատկություններով

. պահպանել անձնական հիգիենայի կանոնները՝ ձեռքերը լվանալ սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ՝ ցանկալի է օճառով: Ձեռքերը, սպասքը, միրգն ու բանջարեղենը լվանալ խմելու համար նախատեսված կամ շշալցված ջրով

. չօգտվել ջրի պատահական աղբյուրներից:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---