Հայաստանում 12-ամյա կրթությունը՝ պարտադիր

Հայաստանում 12-ամյա կրթությունը՝ պարտադիր

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Հանրակրթության մասին» օրենքի այն պահանջը, որի համաձայն՝ հանրապետությունում 12-ամյա կրթությունը դառնում է պարտադիր: Այդ մասին օգոստոսի 10-ին ասել է ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը՝ հիշեցնելով, որ մինչև այս պարտադիր էր 9-ամյա կրթությունը:

Նրա խոսքով, 12-ամյա պարտադիր կրթությունն աշխարհում կայուն զարգացման նպատակներից է, որը Հայաստանում ոչ միայն օրենքի, այլև սահմանադրական պահանջ է:

«Կան երեխաներ, որոնք ավարտելով 9-ամյա դպրոցը, չեն շարունակում կրթությունը, իսկ սեպտեմբերի 1-ից պետք է պարտադիր հաճախեն կամ ավագ դպրոց, կամ արհեստագործական ուսումնական հաստատություն, կամ էլ միջին մասնագիտական ուսհաստատություն»,- նշել է Արշակյանը, մեջբերում է Panorama.am-ը:

Նա ընդգծել է, որ դպրոցն ավարտելուց հետո խնդիր կա երեխայի բազան ունենալու, ճշգրտելու և կրթությունը կազմակերպելու հետ կապված.

«Օրենքի պահանջ է` 2025-ին անցնելու ենք համընդհանուր ներառական կրթության կազմակերպման, և կարիք կա կրթության առաձնահատուկ պայմանների հետ: Որոշ դեպքերում ծնողների չգիտակցելու կամ խնդրին լուրջ չվերաբերվելու դեպքում շատ երեխաներ կարող են դուրս մնալ կրթությունից: Նրանց թվում հիմնականում այն երեխաներն են, որոնց 6 տարին լրանալուց ծնողը մտածում է՝ փոքր է, ու չի ուղարկում»:

Հանրակրթության վարչության պետը հայտնել է, որ 2017-18 ուսումնական տարվանից Լոռու մարզում փորձնական մեկնարկելու է մի ծրագիր, որով կրթությունից դուրս մնացած երեխաները վաղ կհայտնաբերվեն և դպրոց կուղարկեն.

«Փորձնական համակարգը Լոռու մարզում է և ամփոփումից հետո 2018-ին ամբողջ հանրապետության տարածքում արդեն կներդրվի»:

Հանդիպմանը ներկա ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանն ասաց, որ կրթությունից դուրս մնացած երեխաների խնդիրը միայն ԿԳՆ-ի խնդիրը չէ. «Վիճակագրական տվյալներով կրթությունից դուրս է մնում տարեկան մոտ 300 երեխա, որը մեկ տոկոսից էլ քիչ է: Այսինքն՝ շուրջ 300 երեխա չի շարունակել տվյալ ուսումնական տարում կրթությունը, անավարտ են թողել և գուցե սեպտեմբերին կգան: Դա այն երեխաներն են, որոնք մեկ անգամ եղել են դպրոցում ու տարվա կեսից դուրս են մնացել: Դրանք հիմնականում սոցիալական ծանր պայմաներում ապրող ընտանիքներ են»:

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանի տեղեկացմամբ՝ 9-ամյա կրթությունից հետո չշարունակողների թիվը չնչին է:

«2016-ի հետազոտությունը ցույց է տվել, որ 9-րդ դասարանից հետո մոտ 98%-ը շարունակում է կրթությունը: Իսկ այն հայտարարությունները, թե 10%-ը չի շարունակում, սա վերաբերում է ավագ դպրոցներին, այսինքն ավագ դպրոց չեն գնում, բայց գնում են նախնական կամ միջին մասնագիտական կրթության ուսհաստատություններ»,- ասել է Արտակ Պողոսյանը:

Ինչ վերաբերում է կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման համակարգին, ԿՏԱԿ-ի տնօրենն ընդգծել է, որ դրանով հնարավորություն կունենան հետևել և հասկանալ, թե երեխան ինչու չի շարունակում հաճախել դպրոց:

«Սեպտեմբերի 10-ից, երբ դպրոցներում հստակեցվի աշակերտների թիվը, ավտոմատ համակարգը ցույց կտա, թե 2011-ին ծնված, բազայում գրանցված երեխաներից դպրոցում ով ներգրավված չէ և կպարզեն՝ այդ երեխաները հանրապետությունում են, թե՝ ոչ, և որոնք են դպրոց չհաճախելու պատճառները»,- հավելել է նա:

Ըստ Պողոսյանի, մեկ այլ հատվածում կգրանցվեն այն երեխաները, որոնք տարվա կեսից անավարտ են թողնում կրթությունը կամ հաճախակի բացակայում են: Ամենօրյա ռեժիմով կերևա՝ ինչ վիճակում է տվյալ երեխան. խնդիրը հայտնաբերելուց հետո համապատասխան մարմիներին կտեղեկացվի և լուծումներ կգտնվեն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---