Երբ պետությունում հաշվել չգիտեն. Սոցվճարներն ու պահումները «փակում են» մանկապարտեզի վարձը 1 սեպտեմբերի 2017 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 31-ից սոցիալական ցանցերի թոփ-թեման մանկապարտեզներն են: Եվ հարցն ամենևին էլ ավանդաբար թանկացած ծաղկեփնջերի ու փուչիկների գները չեն, կամ էլ՝ մշտական ու ցավոտ թեման՝ դրամահավաքությունը: Ամեն ինչ շատ ավելի բարդ է: Պարզվում է, որ Երևանի քաղաքապետարանը վերջին օրով՝ օգոստոսի 31-ին, նոր որոշում է ընդունել, ըստ որի 3 տարին չլրացած երեխաներն այլևս չեն կարող հաճախել մանկապարտեզ: Ծնողները պնդում են՝ խոսքը ոչ միայն 2015 թվականին ծնված՝ 2 տարեկան երեխաներին է վերաբերում, այլև նրանց, որ ծնվել են 2014-ի սեպտեմբերի 1-ից հետո: Որոշման մեջ, մասնավորապես, նշվում է. «Երեխայի նախադպրոցական հաստատություն հաճախելու համար հերթագրումն իրականացվում է ծնողի դիմումի հիման վրա, երեխայի 2 կամ 3 տարեկանը լրանալուց հետո... ընդ որում՝ մինչև 3 տարեկան երեխաների հաշվառումը և ընդունելությունն իրականացվում է տվյալ մանկապարտեզում 2-ից մինչև 3 տարեկան տարիքային փուլի համար անհրաժեշտ նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացման համար համապատասխան հնարավորությունների առկայության դեպքում», սակայն չի պարզաբանվում՝ որոնք են այդ համապատասխան հնարավորությունները: Բանն այն է, որ դեռ նախորդ տարի՝ 2016 թվականի սեպտեմբերի 1-ին, 2013 թվականին ծնված բոլոր երեխաները մանկապարտեզ հաճախելու իրավունք ունեին, եթե պատշաճ հերթագրում էին անցել: Իսկ հիմա առավելությունը տրվելու է այն երեխաներին, որոնք ծնվել են մինչև օգոստոսի 31-ը: Հարցը, գուցե, այսքան ցավալի չէր լինի, եթե այն ընդունվեր նոր ուսումնական տարվա մեկնարկից գոնե 1 ամիս առաջ, այլ ոչ թե՝ նախօրեին: Իսկ հիմա մի պահ պատկերացրեք այն ծնողներին, ովքեր պատրաստվել են իրենց, օրինակ, 2 տարեկան 10 ամսական երեխային սեպտեմբերի 1-ին ճանապարհել մանկապարտեզ, գնել են ծաղիկներն ու փուչիկները... և այդ պահին նրանց զանգահարում են մանկակապարտեզից ու տեղեկացնում՝ վաղը չգաք, քաղաքապետարանից նոր հրաման ենք ստացել: Սոց. կայքերում էլ ավելի զրահուրելի դեպքեր են նկարագրվում՝ ծնողները սեպտեմբերի 1-ին երեխաներին տարել են մանկապարտեզ, սակայն դռներից ներս չեն կարողացել անցնել. ասել են՝ հետ գնացեք, նոր հրաման ունենք... Բնական է, որ սա հարուցել է ծնողների դժգոհությունը: Էլ չեմ խոսում պատճառված անհարմարության մասին. մարդիկ իրենց կյանքն են պլանավորել, ծրագրել, պայմանավորվել գործատուի հետ՝ երեխայի խնամքի արձակուրդից հետո վերջապես աշխատանքի վերադառնալու համար: Ի՞նչ է մնում նրանց անել. ընտրությունը մեծ չէ՝ վճարովի մանկապարտեզները կան ու կան: Երևանի ավագանու մշակույթի, կրթության և սոց. հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է, «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում նշեց, որ կիսում է ծնողների մտահոգությունն այս հարցում: Նա նշեց, որ ինքն էլ եղել է քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ է Աննա Ստեփանյանի մոտ, բարձրաձայնել առկա հանրային դժգոհության ու մտավախությունների մասին: «Իրենց հիմնական պատասխանն այն է, որ դադարեցնելով հերթագրումն ու ընդունելով միայն 3 տարեկանը լրացած երեխաներին, փորձում են հասկանալ, տեսնել իրական պատկերը՝ մանկապարտեզներում որքան լրացուցիչ տեղերի կարիք կա»,- նշեց Հարությունյանը: Բայց հիմա դրանից չէ, որ ուզում եմ խոսել: Ասում են՝ Սովետական միության տարիներին մսուր-մանկապարտեզները երեխաներին ընդունել են անգամ 10-11 ամսականից՝ «եթե քայլում է, ուրեմն կարող է գալ»: ԽՍՀՄ-ում ամեն ինչ անում էին՝ մայրերին, բոլոր քաղաքացիներին աշխատելու հնարավորություն տալու համար: Որովհետև պարզ հաշվարկ էր գործում՝ աշխատող կինն ավելի շատ օգուտ է տալիս պետությանը, քան նույն պետությունը ծախսում է մեկ երեխայի մանկապարտեզ հաճախելու վրա: Իսկ ինչո՞ւ այս պարզ ճշմարտությունը չեն հասկանում մեր քաղաքապետարանում: Մենք մի պարզ հաշվարկ արեցինք, ըստ որի 130.000 հազար դրամ առձեռն (մաքուր) աշխատավարձ ստացող քաղաքացին վճարում է մոտ 20.000 դրամ ընդհանուր պահումներ (սոցվճար, եկամտահարկ): Բացի այդ, ևս 21.000 դրամ է կազմում գործատուի կողմից վճարվող սոցվճարը (այն տատանվում է 3.900-ից 25.000-ի սահմաններում): Ստացվում է, որ մոտ 130.000 դրամ աշխատավարձ ստացող քաղաքացու աշխատանքի դիմաց պետբյուջե է մուտքագրվում ավելի քան 40.000 դրամի տարբեր տեսակի հարկեր: Սրան զուգահեռ ներկայացնենք ևս մեկ թիվ. Երևանի քաղաքապետարանը մանկապարտեզ հաճախող յուրաքանչյուր երեխայի ծախսը սահմանել է ամսական 18.000 դրամ: Բարձրագույն մաթեմատիկայի իմացությունն ամենևին էլ պարտադիր չէ՝ հասկանալու, որ պետությանը շատ ավելի ձեռնտու է երիտասարդ մայրերին աշխատանքով ապահովելը կամ առնվազն աշխատելու հնարավորություն ընձեռելը, քան նմանատիպ քայլերով նրանց ևս մի քանի ամիս (տարի) պարապուրդի մատնելը: Եվս մեկ փաստ. երեխայի խնամքի արձակուրդում գտնվող մայրերն անաշխատունակության նպաստ ստանում են ընդամենը 2 տարի՝ այն էլ ընդամենը 18.000 դրամի չափով: Ի դեպ, ասում են՝ նախադպրոցական կրթություն ստանալու իրենց երեխայի իրավունքները պաշտպանել ցանկացող ծնողները Գիտելիքի ու դպրության օրը՝ սեպտեմբերի 1-ին, քաղաքապետարանի դիմաց ցույցի են դուրս գալու՝ բարձրաձայնելու իրենց մտահոգությունները: Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ |