ԱՄՆ փորձագետները Հայաստանում են. Նրանք կաջակցեն հետհրդեհային աշխատանքներին

ԱՄՆ փորձագետները Հայաստանում են. Նրանք կաջակցեն հետհրդեհային աշխատանքներին

PanARMENIAN.Net - Հայաստանում է գտնվում ԱՄՆ անտառային ծառայության փորձագիտական խումբը, որն աշխատում է ՀՀ բնապահպանության նախարարության հետ՝ աջակցելու այնպիսի որոշումների կայացմանը, թե որտեղ, երբ և ինչպես պետք է կիրառել հետհրդեհային արդյունավետ միջոցներ, որոնք կմեղմեն հողերի էրոզիայի, հեղեղումների վտանգները և երկարաժամկետ հեռանկարում կնպաստեն ջրբաժանների առողջացմանը և բուսածածկի վերականգնմանը Խոսրովի ու Արտավանի անտառների հրդեհից հետո:

Թիմը, որի կազմում ընդգրկված են անտառային գենետիկայի մասնագետ դ-ր Էնդրյու Բաուերը և հիդրոլոգ Դանա Բաթլերը, Հայաստանում խորհրդատվություն կառաջարկի ԱՄՆ անտառային ծառայության կողմից նման աղետներից հետո կիրառվող Այրված տարածքների արձագանքելու արտակարգ գործողությունների գործընթացի վերաբերյալ: Նրանք նաև կներկայացնեն հրդեհի տարածումը կանխելու եղանակներն ու խորհրդատվություն կապահովեն ջրբաժանների առողջացման երկարաժամկետ անելիքների շուրջ, ասվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ:

«Ուրախ ենք, որ հրդեհից հետո այս թիմը կարողացավ այսքան շուտ օգնության գալ մեր հայ գործընկերներին՝ ներկայացնելու լավագույն փորձը և գործելակերպերը: Հայաստանի հետ մեր գործընկերության շրջանակում սա կարևոր քայլ է, որը հետագայում թույլ կտա մեղմել հրդեհների հետևանքով հասցվող վնասը », - ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

Ամերիկացի երկու փորձագետները հանդիպումներ կունենան Խոսրովի արգելոցի աշխատակիցների, պետական պաշտոնյաների, հասարակական կազմակերպությունների և մյուս շահագրգիռ կողմերի հետ՝ լսելու, ծանոթանալու և օգնելու գտնել հրդեհի գոտու ու դրա հարակից հատվածի այն առանցքային տեղանքները, որտեղ անհապաղ միջոցներ պետք է ձեռնարկվեն: Այցի ընթացքում նրանք մասնավորապես կփորձեն պարզել այն տարածքները, որոնք կարող են վնասվել ջրահոսքերի ու բուսածածկի կորստյան պատճառով հողերի էրոզիայի հետևանքով: Նրանք առաջարկներ են պատրաստում անհապաղ ձեռնարկվելիք արտակարգ միջոցների մասին, որոնք նվազագույնի կհասցնեն մարդկանց կյանքին ու գույքին սպառնացող վտանգները՝ պայմանավորված հեղեղներով ու սողանքներով:

Հրդեհը Խոսրովի արգելոցում բռնկվել էր օգոստոսի 12-ին, հիմնական օջախները մարվել են օգոստոսի 16-ին։ Մարման աշխատանքներին մասնակցել են ԱԻՆ-ը, զինված ուժերի ստորաբաժանումներ, կամավորներ, ինչպես նաև ԻԼ-76 հրդեհաշիջող օդանավ ՌԴ-ից։Արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանի խոսքերով, «կորուստները անգնահատելի են, բայց մենք մեծ հույս ունենք, որ շատ կարճ ժամկետներում կվերականգնվի մեր կորուստների որոշ մասը»:

Ընթերցեք նաև.ՀԲՃ․ Արբանյակի տվյալով, Խոսրովի արգելոցի հրդեհված տարածքը մոտ 1550 հա է

Բյուրականի հրդեհը մեկուսացված է. Հետմարման փուլը սկսվել է

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---