Նոյեմբերյանի մարզադպրոցը «Ստեփան Գիշյան» հիմնադրամի աջակցությամբ վերաբացվել է (վիդեո)

Նոյեմբերյանի մարզադպրոցը «Ստեփան Գիշյան» հիմնադրամի աջակցությամբ  վերաբացվել է

PanARMENIAN.Net - Նոյեմբերյան համայնքի մարզադպրոցը վերանորոգումից հետո իր դռներն է բացել սահմանամերձ ինը համայնքի մոտ 150 սանի առջև: Նախկին անմխիթար վիճակից ոչինչ չի մնացել. «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի և Նոյեմբերյանի համայնքապետարանի համատեղ ջանքերով նորոգվել է մարզադպրոցի տանիքը, փոխվել են պատուհանները, կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ:

«Ոգևորություն եմ տեսնում թե՛ բնակիչների, թե՛ համայնքի ղեկավարության, թե՛ մարզադպրոցի սաների մոտ. ոգևորված են, քանի որ նոր մարզադպրոցում են կազմակերպելու պարապմունքները: Այս տարի հիմնադրամին ներկայացվել էր մոտ 130 ծրագիր: Ընտրությունն անչափ բարդ էր, քանի որ մեզ ներկայացված ծրագրերը շատ էին, և բոլորն էլ չափազանց հետաքրքիր: Ընտրված չորս ծրագրերից մեկն այսօր արդեն ամբողջությամբ իրագործված է։ Ծրագիրն ընտրելու ժամանակ մեզ համար շատ կարևոր էր, որ մարզադպրոցի ամբողջական վերանորոգումն իրականացվելու է համայնքապետարանի և հիմնադրամի համատեղ ջանքերով։ Համայնքապետարանի ծրագրին մասնակից լինելու ցանկությունը և պատրաստակամությունը հավելյալ առավելություն էր։ Համոզված եմ, որ վերանորոգված մարզադպրոցը մեծ օգուտ կբերի համայնքին թե՛ առողջ ապրելակերպի տեսանկյունից, թե՛ համայնքի երիտասարդների և ոչ միայն նրանց ազատ ժամանակը կազմակերպելու առումով»,- իր խոսքում նշել է Աննա Գիշյանը։

Հիմնանորոգված մարզադպրոցում աշակերտները բասկետբոլ, վոլեյբոլ և բադմինտոն կպարապեն, հաշմանդամություն ունեցող երեխաների համար կբացվի խմբակ շախմատի և շաշկիի պարապմունքներ անցկացնելու համար:

Մինչև տարեվերջ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից ստեղծված բարեգործական հիմնադրամը կամփոփի ևս երեք դրամաշնորհային ծրագիր:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---