Արցախում ՀՕՊ զորախաղեր են անցկացվել

Արցախում ՀՕՊ զորախաղեր են անցկացվել

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության զորամասերի և ստորաբաժանումների հետ սեպտեմբերի 25-29-ը անցկացվել են «Պաշտպանական օպերացիայում հակաօդային պաշտպանության վարումը հակառակորդի ռադիոէլեկտրոնային պայքարի և կրակային միջոցների ազդեցության պայմաններում» թեմայով մարտական հրաձգությամբ մարտավարամասնագիտական զորախաղեր:

Զորախաղերն անցկացվել են ըստ ընթացիկ ուսումնական տարվա մարտական պատրաստության պլանի:

Զորախաղերը նպատակաուղղված էին «հանրապետության օդային սահմանի անվտանգությունն ապահովող զինծառայողների մասնագիտական գիտելիքների և հրամանատարական ունակությունների կատարելագործմանը, շտաբների ներդաշնակվածության, մարտական գործողությունների նախապատրաստման ու վարման արդյունավետության բարձրացմանը»: Մարտավարամասնագիտական զորավարժությունը միտված էր նաև ստուգելու հակաօդային պաշտպանության ուժերի (ՀՕՊ) և միջոցների մարտական պատրաստականության մակարդակն ու ստորաբաժանումների մարտական խնդիրների կատարման ունակությունները, ինչպես նաև գնահատելու զորատեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի իրական հնարավորությունները:

Մարտավարամասնագիտական զորախաղերի արդյունքում, որոնք խաղարկվել են ամենատարբեր աշխարհագրական գոտիներում և մարտավարական արագ փոփոխվող պայմանական իրավիճակներում, հակաօդային պաշտպանության զորքերը ևս մեկ աստիճանով բարձրացրել են դաշտային վարժվածության մակարդակն ու ձեռք բերել մասնագիտական նոր գիտելիքներ ու կարողություններ: Զորախաղերը հնարավորություն են ստեղծել նաև փորձի փոխանակում իրականացնելու, ինչպես նաև տարբեր օղակների հրամկազմի և ժամկետային զինծառայողների մարտական վարպետության աստիճանը կատարելագործելու համար, ասված է Արցախի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունում:

Ըստ տեղեկատվության նաև, ելնելով զորավարժության արդյունքներից, կարելի է փաստել, որ զորատեսակը գտնվում է մարտական պատրաստականության պատշաճ մակարդակի վրա, ինչը թույլ կտա այսուհետ ևս իրականացնել հանրապետության օդային սահմանի անվտանգության հուսալի և լիարժեք ապահովումը:

Սեպտեմբերի 17-23-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 4000 կրակոց:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---